Երկու տասնյակից ավելի ընկերությունները իրենց ծառայություններն ու ապրանքները ներկայացրեցին հունիսի 7-ին Ծաղկաձորում կայացած «Մաքսային Միություն-Հայաստան համագործակցություն» եռօրյա տնտեսական ֆորումի ժամանակ: Հայ-ռուսական տնտեսական համաժողովը կազմակերպել էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը: Միջոցառման նպատակներից էր ներկայացնել Մաքսային Միություն-Հայաստան համագործակցության ընձեռած հնարավորությունները, որպեսզի գործարարները հիմնավոր տեղեկատվություն ստանան այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային Միությունը և ինչ օրենսդրություն է նախատեսված:
«Ինտեգրման ավելի բարձր մակարդակը, այդ թվում` առևտրային հարաբերություններում առկա տեխնիկական խնդիրների վերացումը կնպաստեն Հայաստանի տնտեսական զարգացմանը: Բացի այդ, ՄՄ-ին միանալու կարևոր պատճառներից է նաև ՄՄ անդամ երկրներում բնակվող հայկական մեծ սփյուռքը, նաև` լեզվական արգելքների բացակայությունը: Մաքսային միության շրջանակներում Հայաստանի հիմնական գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, իսկ Հայաստանում արտադրված ապրանքատեսակները հիմնականում իրացվում են ռուսական շուկայում»,- բացման խսքում նշեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի (ՀՀ ԱԱՊ) նախագահ Մարտին Սարգսյանը:
Ֆորումին ներկա էին Լենինգրադի և Արխանգելսկի մարզերի առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչները, Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջաններից ժամանած երկու տասնյակից ավելի ընկերությունների ղեկավարներ` ամենատարբեր ոլորտներից, պաշտոնատար այրեր և հայաստանյան բիզնեսին առնչվող կառույցների պատասխանատուներ: Ֆորումին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության պաշտոնյաներից և գործարարներից կազմված պատվիրակությունը: