Արաբական երկրների լիգայի կազմում ընդգկրված պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարները Կահիրեում կայացած քննարկումներից հետո որոշել են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման առաջխաղացումը կասեցնելու ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, ընդունված բանաձևում կոչ է արվում գործուն քայլեր իրականացնել դադարեցնելու համար Իրաքում և Սիրիայում գործող իսլամիստական խմբավորումների ֆինանսական աջակցության հոսքը, ինչպես նաև խոչընդոտել արտասահմանից նշված երկրներ ժամանող զինյալների շարժը։
Նշենք, որ ավելի վաղ պաշտոնական Բաղդադը բանաձևի նախագիծ էր ներկայացրել, որի համաձայն՝ «Իսլամական պետության» գործողությունները ստանում են «ռազմական հանցագործության» ու «մարդկության դեմ հանցագործության» որակավորում, իսկ Իրաքի կառավարության ձեռնարկած ու ձեռնարկելիք ցանկացած քայլ այս խմբավորման դեմ աջակցություն է ստանում արաբական երկրների կողմից։
Նկատենք, որ դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ բանաձևի ընդունմանը նախորդած քննարկումների սկզբում Արաբական լիգայի երկրները որոշել էին աջակցել նաև ԱՄՆ-ի ռազմական գործողություններին Իրաքի տարածքում, սակայն բանաձևի վերջնական տարբերակում այդ մասին ուղիղ խոսք չկա, միայն շեշտված է, որ Արաբական լիգայի երկրները պետք է համագործակցեն ԱՄՆ-ի ու Իրաքի կառավարության հետ զինյալների դեմ պայքարում։ Որոշ փորձագետներ սա որակում են որպես լուռ համաձայնություն Իրաքի տարածքում ԱՄՆ-ի ձեռնարկած գործողություններին։
Լիգայի ղեկավար Նաբիլ ալ-Արաբին հայտարարել է, որ ահաբեկիչների դեմ համատեղ ռազմական գործողությունն իրականացվելու է հենց լիգայի գլխավորությամբ՝ պաշտպանության կնքվելիք համատեղ դաշնագրի շրջանակներում։ Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։ Շեշտենք միայն, որ իսլամիստների դեմ գործարկվելիք հստակ քայլերի հաջորդականություն, հստակ ժամկետներ չեն նշվել։