Միջազգային 

Արամ Ա-ն ԱՄՆ-ում պարգևատրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն մայիսի 28-ին Բոստոնում Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված միջոցառման ավարտին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Ասպետ» շքանշանով  է պարգևատրել Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին:

 


«10 տարի առաջ, անսալով մարդկային իրավունքների պաշտպանության արժեքների հանդեպ իր ներքին ձայնին, նա հայտարարել էր Հայոց ցեղասպանության իրողության մասին, ինչի պատճառով զրկվել էր իր դիվանագիտական գործունեությունից, սակայն՝ խիղճն ազատագրել մարդկային իրավունքներն ու արդարությունը կաշկանդող կապանքներից»,-գրում է կաթողիկոսարանի կայքը:

 

Շրջանի ոստիկանապետ շերիֆ Փիթեր Քյություչյանը ներկայացրել է դեսպան Էվանսին՝ նրան որակելով որպես նոր օրերի Հենրի Մորգենթաու, որն իր ձայնը բարձրացրեց հանուն արդարության:

 


Պարգևատրվելուց հետո դիվանագետն իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ հայրապետին ու հայ ժողովրդին՝ իրեն ընձեռած պատվի համար:

 


Ապա Արամ Ա-ն, իր խոսքն ուղղելով պարգևատրվողին, ասել է. «Պարո՛ն դեսպան, Դուք քաջություն ունեցաք բարձրաձայնելու ճշմարտությունն ու այդ մասին ասելու հստակ ու հրապարակային: Աշխարհի ոչ մի ուժ չի կարող քողարկել ճշմարտությունը. քաղաքական ու դիվանագիտական ուժերը փորձում են այս կամ այն պատճառով ստվերել ճշմարտությունը, սակայն չկա ուժ, որ կարողանա կեղծել ճշմարտությունը: Դուք ճշմարտությունն ասացիք և գրավեցիք հայ ժողովրդի սիրտը, օրինակ հանդիսացաք՝ դառնալով ճշմարտության դեսպանը»,-ասել է նա:

Նույն շարքից