Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 16-ին ցավակցական հեռագիր է հղել Գալյա Առուստամյանի ընտանիքին:
Ցավակցական հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա «ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, մեր ժողովրդի նվիրյալ զավակ Գալյա Առուստամյանի անժամանակ մահվան մասին Գալյա Առուստամյանը մեծ հարգանք էր վայելում ոչ միայն հայրենիքում, այլեւ նրա սահմաններից դուրս: Նա ճանաչված հասարակական գործիչ էր, ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազգային-ազատագրական պայքարում: Անգնահատելի է նրա ավանդը զոհված ազատամարտիկների հիշատակը վառ պահելու եւ մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ մաղթում արիություն ու ոգու կորով:
Տիկին Առուստամյանի պայծառ կերպարը միշտ կլինի մեզ հետ»: