ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մի քանի թեկնածուների է դիտարկում ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնի համար, իսկ մինչ նոր միջնորդի նշանակումը բանակցությունները Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև չեն վերսկսվի:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը:
Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը 2012-ի սեպտեմբերից զբաղեցրել է Լահդար Բրահիմին, ով այդ պաշտոնում փոխարինել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանին: Սույն տարվա սկզբին Բրահիմիին հաջողվել է Ժնևում բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Սիրիայի իշխանությունների և զինված ընդդիմության ներկայացուցիչներին, սակայն երկխոսությունը հաջողությամբ չի պսակվել:
«Գլխավոր քարտուղարը դեռևս չի կողմնորոշվել Բրահիմիին հաջորդող թեկնածուի հարցում: Մենք նրան հորդորում ենք դա հնարավորինս շուտ անել՝ ելնելով բանակցային գործընթացում երկարատև դադար թույլ չտալու անհրաժեշտությունից», - հայտնել է Գատիլովը: