ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ֆրանսիայի իր պաշտոնակից Ֆրանսուա Օլանդի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում աջակցություն է հայտնել Ուկրաինայի արևելքում իրականացվող ուժային գործողությանը: Դրա հետ մեկտեղ երկու երկրների ղեկավարները կոչ են արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ճնշում գործադրել աշխարհազորայինների վրա, որպեսզի նրանք համաձայնեն բանակցություններ սկսել Կիևի հետ:
Օբաման և Օլանդը, ինչպես նշում է Reuters-ը, հղում անելով Սպիտակ տանը, համակարծիք են եղել, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի «ապակայունացնող գործողությունները», այդ թվում՝ հրաժարվի զենքի մատակարարումներից և Ուկրաինայի հետ սահմանի մերձակայքում ռազմական ներկայությունը մեծացնելուց:
Երկու պետությունների ղեկավարները նաև հանդես են եկել Ուկրաինայում երկկողմ հրադադար հաստատելու և հակամարտության խաղաղ լուծման օգտին, ներառյալ բոլոր պատանդների ազատումը: Ընդսմին Օբաման նշել է, որ հարգում է Ուկրաինայում կարգուկանոն հաստատելու և բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ այդ երկրի իշխանությունների գործողությունները:
«Նախագահները որոշեցին, որ ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է հետագա համակարգված գործողություններ ձեռնարկեն, որպեսզի ստիպեն Ռուսաստանին գին վճարել, եթե նա ապաէսկալացմանն ուղղված անհապաղ քայլեր չձեռնարկի»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Իրենց հերթին Ելիսեյան պալատում հայտնել են, որ Օբաման և Օլանդը կոչ են արել Պուտինին ճնշում գործադրել աշխարհազորայինների վրա, որպեսզի նրանք համաձայնեն բանակցությունների, ինչպես նաև ուժեղացնել ռուս-ուկրաինական սահմանի հսկողությունը: Դրա հետ մեկտեղ երկու երկրների ղեկավարները կարևորել են շփման խմբի հանդիպումը՝ շուտափույթ հրադադարի հասնելու համար: