Տնտեսություն 

ԲՀԿ-ն չի մասնակցելու գազային համաձայնագրի քվեարկությանը

ԲՀԿ-ի դիրքորոշումը հստակ է գազային պայմանագրի շուրջ, քանի որ տեղի է ունեցել գործարք Հայաստանի Հանրապետության  քաղաքացու թիկունքում: Այս մասին հայտնել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: 

Նրա խոսքով՝ տեղի է ունեցել գործարք, որից տեղյակ չեն եղել քաղաքական ուժերը, խորհրդարանը եւ քաղաքական կուսակցությունները, հետեւաբար ԲՀԿ-ն չի կարող մասնակցել մի վասալային պայմանագրի քվեարկության, որի նախապատմությանը, որեւէ մեկը տեղյակ չի եղել: « Հետեւանքների համար,  որոնք միանշանակ  կանխատեսելի են, չենք  ցանկանում որեւէ կերպ վերցնել պատասխանատվություն: Ես կարծում եմ, որ սա ամենաճշգրիտ մոտեցումն է վասալային այդ պայմանագրի: Թող քվեարկեն նրանք ովքեր պատրաստ են պատասխանատվություն վերցնել  մի գործարքի համար, որը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքացու թիկունքում»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը: 

Դիտարկմանը, թե կարծիք կա, որ այդ քայլով կանաչ լույս են վառում ՀՀԿ-ի համար, նա արձագանքեց. «Դա  տգետ եւ անգրագետ կարծիք է, որովհետեւ, երբ դու մասնակցում ես քվեարկությանը, անկախ նրանից, թե ինչ ես քվեարկում դեմ, ձեռնպահ, թե կողմ, դու քո քվեարկությամբ նպաստում ես քվորումին: Դա է կանաչ լույս ՀՀԿ-ին: Իսկ եթե դու չես մասնակցում քվեարկությանը եւ  չես ապահովում 66 քվորումը, դա համաձայնագրի  ընդունումը տապալելու լավագույն տարբերակն է»,- ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը:

Արձագանքելով այն մեղադրանքներին, թե  ինչու են այդ դեպքում մասնակցել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման քվեարկությանը՝ դեմ քվեարկելով, Զոհրաբյանը պատասխանեց. «Որովհետեւ կենսաթոշակային նախագծի  ամբողջ գործընթացին մենք տեղյակ ենք եղել: Իսկ հիմա բերված է մի համաձայնագիր, նախագիծ, որից որեւէ  մեկը տեղյակ չի եղել: Իսկ քվեարկել անգամ դեմ, մի գործընթացի, որից դու տեղյակ չես, որը տեղի է ունեցել քո թիկունքում, մենք դա համարում ենք բացարձակապես անընդունելի»:

Նա միաժամանակ ավելացրեց, որ իրենք մեծապես հարգում են իրենց գործընկերների դեմ քվեարկելու դիրքորոշումը: «Մենք կտրականապես դեմ ենք այս խայտառակ համաձայնագրին եւ մեր դիրքորոշումը արտահայտում ենք չմասնակցելով նման վասալային համաձայնագրի: ԲՀԿ-ն բացարձակ խնդիր չունի: Մենք կարող ենք  եւս մեկ անգամ խմբակցությունում  քննարկել եւ քվեարկել դեմ, բայց ես գտնում եմ, որ չմասնակցելը, բոյկոտելը  շատ ավելի ճշգրիտ արձագանքն է այդ համաձայնագրին: Պատահական չէ, որ քվեարկությունը հետաձգվեց»,- ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ոչ իշխանական 3 խմբակցություններ («Ժառանգություն», ՀԱԿ եւ ՀՅԴ) որոշել են դեմ քվեարկել գազային այդ պայմանագրերին:

Նույն շարքից