Հիշում եմ և պահանջում 

Գարեգին Երկրորդն ընդունել ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն հոկտեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիան Չանչունին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել դեսպանին երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկու պետությունների միջև համագործակցության զարգացմանը կարևոր նպաստ բերելու համար:


Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ նշել է, որ անցնող տարիներին առանձնահատուկ ջերմությամբ են հատկանշված եղել հարաբերությունները Մայր Աթոռի և ՀՀ-ում Չինաստանի դեսպանության միջև: Դեսպանն իր հերթին կարևորել է երկու պետությունների գործակցության արդյունքում իրականացվող ծրագրերը` հավաստիացնելով Նորին Սրբությանը, որ պիտի շարունակի ջանքերը հայ-չինական կապերի առավել սերտացման համար:


Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Չինաստանի դեսպանը խոսել են հայ-չինական պատմական առնչությունների, Չինաստանում հայ համայնքի, ինչպես նաև Հայ եկեղեցու ազգապահպան առաքելության մասին:


Հրաժեշտ տալով դեսպանին` Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է նրան նորանոր հաջողություններ հետագա դիվանագիտական գործունեության մեջ:

Նույն շարքից