Հիշում եմ և պահանջում 

Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի է ունեցել 2014-2015 թթ. ուստարվա հանդիսավոր բացումը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում սեպտեմբերի 15-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի 2014-2015 թթ. նոր ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությունը:

Հանդիսությանը ներկա են Մայր Աթոռի միաբանները, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական ու դասախոսական անձնակազմը և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները:

Տերունական աղոթքից, ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերից հետո` 2014-2015 թթ. նոր ուսումնական տարվան ընդառաջ, ողջույնի և բարիգալստյան խոսք է ասել Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Ի թիվս այլ հարցերի Գևորգ Սրբազանն անդրադարձել նաև ընդունելության քննությունների արդյունքներին` տեղեկացնելով, որ Գևորգյան ճեմարան ընդունվել է 30 ուսանող, Վազգենյան դպրանոց` 15, Հառիճի Թրբանճյան ընծայարան` 22, իսկ Քահանայից պատրաստման լսարանում ուսումնառության համար դիմել է 15 անձ:

Խոսելով ուսանողների հավաքագրման մասին` Սրբազանը հայտնել է ներկաներին, որ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ճեմարանում հիմնվել է Հասարակության հետ կապերի և քարոզչության գրասենյակ, որի հիմնական առաքելությունն է զբաղվել հոգևոր կրթության քարոզչությամբ Հայաստանում և Սփյուռքում` ի գործ դնելով ինչպես կենդանի ու անմիջական շփումները, այնպես և Ժամանակակից տեխնիկական միջոցները:

Իր խոսքում Գևորգ Սրբազանն անդրադարձել է ճեմարանի ամբիոնների կողմից հրատարակության պատրաստվող 10 դասագրքերին ու հոգևոր-կրթական հաստատությունների դասախոսների կողմից հրատարակության ներկայացված գիտական մենագրություններին, որոնցից շատերը կարևոր նվաճումներ են հայագիտության բնագավառում: Ներկայացվեցին Հայաստանի և արտերկրի տարբեր բարձրագույն կրթական և հոգևոր հաստատությունների ու ճեմարանի միջև ձևավորված փոխհամագործակցության արդյունքները:

Հավարտ վերատեսչի խոսքի, հայրենասիրական բնույթի բանաստեղծություններով ու երգերով հանդես եկան Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներն ու երգչախումբը` ղեկավարությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի:

Ճեմարանի նոր ուսումնական տարվա բացումն ամբողջացել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը նախ իր գնահատանքը բերեց ճեմարանի դասախոսական կազմին:

Նա իր գնահատանքն ու օրհնությունը բերելով ամենքին` Հայոց Հայրապետը մաղթել է, որ Տերն իր զորակցությամբ արգասավորի նրանց ջանքերը:

Բացման հանդիսությունը փակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով և Հայրապետական մաղթերգով:

Նույն շարքից