Դանիայի արտգործնախարար Մարտին Լիդեգորն առաջարկել է Գազայի և դրա հարակից հատվածում տիրող իրավիճակի մոնիթորինգով զբաղվող միջազգային փորձագիտական կենտրոն ստեղծել: Այդ մասին հայտնել են Դանիայի ԶԼՄ-ները:
«Միջազգային փորձագիտական կենտրոնը կօգնի համոզվել, որ հրադադարը պահպանվում է, պարզել, թե ով է մեղավոր դրա խախտման համար և խաղաղ բանակցային գործընթաց սկսելու համար երաշխիքներ կան, թե ոչ»,- ասել է նախարարը:
«Ես կարծում եմ, որ անհեթեթ իրավիճակ է ստացվում, երբ ամեն անգամ հրադադարի համաձայնության են գալիս,և այն դեռևս ուժի մեջ չմտած խախտվում է: Այդ պատճառով առաջարկում եմ ինչքան հնարավոր է շուտ ստեղծել անկախ փորձագետների կենտրոն, որոնք կկարողանան պարզել, թե ով է իրականում խախտում հրադադարը: Այս կերպ կարելի է հուսալ, որ հրադադարն ավելի երկար կտևի»,- ասել է Լիդեգորը:
Լիդեգորը նաև նշել է, որ Դանիան պատրաստ է ներդրում ունենալ այդ կենտրոնի ստեղծման հարցում՝ ինչպես տնտեսական, քաղաքական, այնպես էլ անձնակազմի մասով: