Դեռ պարզ չէ, թե «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը ռուսական կողմին վաճառելու մասին համաձայնագրի դեմ իրականացված բողոքի ակցիաներն ինչ ընթացք եւ շարունակություն կունենան: Այս մասին հայտնել է ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը: Նրա խոսքով, հետագայում քննարկումները ցույց կտան, թե ինչ կլինի:
«Հիմա դեռ որևիցե քայլի մասին ես անձամբ տեղյակ չեմ: Սովորաբար հետագա քայլերը որոշում են քաղաքացիները, հետո նոր համախմբվում են և ինչ-որ քայլ են ցանկանում անել: Առանձին հատուկ մարդիկ չկան, որոնք որոշում են անելիքները»,-նշեց Գևորգ Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է այսօրվա ակցիայի արդյունքներին, նա նշեց. «Փաստացի գազային համաձայնագիրն ընդունվեց: Եթե խնդիր էր դրված, որ օրենքը չընդունվեր, ուրեմն մեր ակցիան ինչ-որ բան չփոխեց: Իսկ եթե խնդիր էր դրված, որ ժողովրդի անհամաձայնությունը արտահայտվեր իշխանությանը, իհարկե, մենք մեր անհամաձայնությունը արտահայտեցինք»,- նշեց ակտիվիստը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մոտ դեկտեմբերի 23-ին, ժամը 11։30-ից հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք եկել էին իրենց բողոքը հայտնելու ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի դեմ, որով ՀՀ կառավարությունը «Հայռուսգազարդում» իր 20 տոկոս մասնաբաժինը հանձնում է ռուսական «Գազպրոմին»՝ փաստացի մինչև 2043 թվականը զրկելով Հայաստանին որևէ այլ ընկերությունից գազ ներմուծել կամ փոխել գազի ներմուծման պայմանները։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքել էր պատգամավորների քվեարկության քարտերը, որի հետևանքով նրանք քվեարկել են ձեռքով: Համաձայնագրերին, ըստ Հովիկ Աբրահամյանի, առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել 72 պատգամավոր, իսկ երկրորդ և վերջնական ընթերցմամբ՝ 71 պատգամավոր:
Ոչ իշխանական խորհրդարանական ուժերը հայտարարել են, որ ձեռքով քվեարկությունն օրինական չի եղել և չեն բացառում, որ այդ հարցով կդիմեն ՍԴ: