Նախարարությունն իր վրա է վերցրել պատասխանատվություն՝ իրականացնելու ինչպես պետական հանձնաժողովի հիմնական ծրագրերը, այնպես էլ այլ ծրագրեր, որոնք ոգեկոչման մասն են հանդիսանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Այս ամսվա ընթացքում մենք կունենանք դպրոցներում անմոռուկների պատրաստման դաս, որին կմասնակցեն բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնի դեմքեր: Մենք պատրաստվում ենք միլիոն հինգ հարյուր հազար հատ անմոռուկ պատրաստել մեր աշակերտների ձեռքերով և բաժանել ապրիլի քսանչորսին»,-ասաց նա և նշեց նաև, որ նախատեսել են հատկապես ավագ դպրոցի աշակերտների հետ խոսել համահայկական հռչակագրի մասին, և այդ բաց դասը կլինի ապրիլին:
«Մենք ակտիվ մասնակցում ենք «Պատմիր քո պատմությունը» նախաձեռնությանը և աշակերտները ստացել են հանձնարարական՝ բաց շարադրության տեսքով պատմել իրենց ընտանիքի կամ իրենց ծանոթ մարդկանց պատմությունները Ցեղասպանության հետ կապված»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ միջոցառումներ չեն սահմանափակվում միայն դպրոցներով, այլ լինելու են նաև բուհական, գիտական կոնֆերանսներ, երիտասարդական միջոցառումներ:
«Նաև շատ կարևոր ենք համարում արտերկրում աշխատանքը և ոչ միայն սփյուռքահայ գաղթօջախներում, այլ հենց արտասահմանցիների հետ»,-ասաց նա և հավելեց, որ մի շարք երկրներում սեպտեմբերի մեկից Հայոց ցեղասպանության մասին բաց դասեր կլինեն, որոշ երկրներում Հայոց ցեղասպանությունը կներառվի պատմության դասագրքերում: