Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն ապացույցներ ունեն, որ Ուկրաինա ռուսական զորք է մտել, չնայած ՌԴ իշխանությունները դա հերքում են, հայտարարել է Նիդեռլանդներից եվրապատգամավոր Յոհանես Կորնելիս վան Բաալենը, հաղորդում է DW-ի ուկրաինական ծառայությունը:
«Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Եվրահանձնաժողովը պետք է հաղորդակցվեն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ գաղտնիության պայմաններում և պարզեն նրանից՝ ի՞նչ է ուզում Ուկրաինան, և ինչպե՞ս նրանք կարող են այդ հարցում օգնել: Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ փոխզիջումները կնշանակեն, որ նա հաղթել է»,- կարծում է եվրապատգամավորը:
Նա պատմել է, որ ԵՄ-ն կտրուկ փոխել է վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ և անգամ ունի «Պլան Բ» Մոսկվայի կողմից ձմռանը գազն անջատելու դեպքում:
«Ռուսաստանից ինչ ասես կարելի է սպասել: Եվ ես կարծում եմ, որ ԵՄ-ն ունի «Պլան Բ», չնայած, իհարկե, ոչ մեկ այդ մասին չի բարձրաձայնի: Կարծում եմ՝ այդ պլանի համաձայն՝ այն երկրները, որոնք առավել կախված են ռուսական գազից, կստանան այլընտրանք: Օրինակ՝ բեռնատարներով հեղուկ գազի մատակարարում: Դա, իհարկե, թանկ այլընտրանք է, սակայն կարող է իրականացվել»,- հայտարարել է վան Բաալենը:
«Մենք նաև պետք է պատրաստ լինենք օգնել Ուկրաինային ձմռանը: Դա կարող է թանկ արժենալ, սակայն անհրաժեշտության դեպքում, մենք պետք է դա անենք»,- հավելել է նա: