Եթե Հայաստանում ներդրվեն էներգախնայող և էներգաէֆեկտիվ տեխնոլոգիաներ, ապա էներգառեսուրսների շուրջ 20%-ը հնարավոր կլինի խնայել: Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող Սևծովյան ավազանի երկրների 2007-2013թթ. էներգախնայողության պլանի մշակման համատեղ գործողությունների ծրագրի շրջանակում կազմակերպված աշխատանքային հանդիպմանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը: Նա ընդգծեց, որ այս ցուցանիշը բավական բարձր թիվ է, որը Հայաաստանը պետք է իրականացնի միջնաժամկետ հատվածում:
«Օրենսդրական դաշտը կարգավորված է, բայց հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ այս ծրագրերը իրականցնելու համար բավականին լուրջ գումարներ են պետք: Առաջին հայացքից թվում է, թե դա ինչ է՝ խնայել, բայց որպեսզի կարողանալ այդ էներգախնայող տեխնոլոգիաները օգտագործել, պետք է գումար ներդնել: Ներկայումս մենք ունենք համապատասխան կառույցներ, որոնք այդ ուղղությամբ աշխատում են: 6-ից 7 տարի է աշխատում է էներգախնայող և վերականգնվող էներգետիկայի ֆոնդը»,-ասաց Արեգ Գալստյանը և տեղեկացրեց, որ Հայաստանը ոլորտում արդյունքի հասնելու համար արդեն վարկ է վերցրել Համաշխարհային բանկից և բանակցում է մի քանի միջազգային ֆինանսական կառույցների ու ֆոնդերի հետ՝ «փափուկ» վարկեր գտնելու համար:
Իսկ թե ինչպես պետք է այս գործընթացը սկսվի Հայաստանում, Արեգ Գալստյանը ասաց, որ Սկանդինավյան երկրների աջակցությամբ ստեղծված է ֆոնդ, որը աշխատում է Ուկրաինայում և հասցրել է փայլուն արդյունքներ ցույց տալ:
«Երեք տարիների ընթացում Ուկրաինայում մոտ 150 մլն եվրո է ներդրվել հենց էներգախնայողության ծրագրերի իրականացման համար: Ենթադրում ենք, որ մյուս տարվանից այդ ֆոնդը կսկսի գործել նաև մեզ մոտ»,-ասաց նա և տեղեկացրեց, որ առաջին պիլոտային ծրագիրը հավանաբար կիրականացվի հաջորդ տարեվերջին և 5-10 տարվա ընթացում կունենանք լուրջ հաջողություններ:
Ինչ վերաբերում է այլընտրանքային էներգիայի աղբյուրներին, ապա փոխնախարարն ընդգծեց, որ էներգախնայողության արդյունքի մեծացման համար նախատեսվում է նաև արևային էներգետիկայի օգտագործումը:
«Կենցաղում ոչ մեկ չի խանգարում մարդկանց արևային էներգիան օգտագործել լոկալ համակարգերում: Ես խոսում եմ մեծ էներգետիկայի մասին, երբ արևային էներգիան օգտագործում ենք էլեկտրական էներգիա արտադրելու և ցանցին հաղորդելու համար: Այստեղ մենք դեռ սպասում ենք, որ շուկայում այդ տեխնոլոգիաները մրցունակ կլինեն: Առ այսօր, դեռ դա թանկ հաճույք է: Միաժամանակ նշեմ, որ արևային էներգետիկան ունի թերություն՝ սեզոնային է: Թեև կան նոր տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս կուտակել էներգիան ու հավասարաչափ գրաֆիկայով տալ ցանց, բայց դրանք ավելի թանկ են, քան ատոմակայանները»,-ասաց նա: