Միջազգային 

Էրդողանը վիրավորել է Թուրքիայի էթնիկ ազգային փոքրամասնություններին

Թուրքիայի նախագահի թեկնածու, գործող վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները բազմիցս մեղադրել են ռասիստական արտահայտություններ անելու և հասարակությանը միջէթնիկական և միջկրոնական բախումների հրահրելու մեջ, հերթական անգամ վիրավորել է Թուրքիայի էթնիկ ազգային փոքրամասնություններին` այդ թվում հայերին:

 

Թուրքական NTV հեռուստաալիքի` «Խոսում են թեկնածուները» ծրագրի ուղիղ եթերում Էրդողանը հայտարարել է, որ իր քաղաքական գործունեության ընթացքում ԶԼՄ-ները բազմիցս իր նկատմամբ վիրավորական արտահայտություններ են հնչեցրել` իրեն վերագրելով հույն, վրացի, քուրդ և այլն: Ուղիղ եթերում նա ասել է, որ մի ժամանակ իրեն անգամ «հայ» են անվանել: Նշելով, որ ինքը թուրք է, Էրդողանն ասել է. «Մի քանիսն ինձ վրացի անվանեցին, նույնիսկ, ավելի կեղտոտ բաներ ասողներ եղան. ինձ հայ անվանեցին, ես հորս և պապիս կողմից թուրք եմ: Ծագումով Ռիզեից եմ, ծնվել և մեծացել եմ Ստամբուլում»:

 

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Էրդողանի հայրը ծագումով չերքեզ է, մայրը` հրեական խառնուրդով թուրք, նրա կնոջ հայրը ազգությամբ թուրք է, իսկ մայրը` արաբ:

 

Նույն շարքից