Տնտեսություն 

Թալանեցին, ինչ կար ծախեցին, կերան. նաիրիտցիներ

Նոր տարուց հետո նաիրիտցիների կրքերը նոր թափ են ստացել: Պահանջը նույն է՝ ստանալ աշխատավարձերը, որոնք կուտակվել են 24 ամիսների ընթացքում:

«Մենք դեռ 2012 թվականի աշխատավարձերն ենք փորձում ստանալ: Վերջին անգամ աշխատավարձ ստացել ենք 2013 թվականին, դա 2012-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամսվա աշխատավարձն էր…Չենք իմանում ինչ է լինելու մեր վիճակը…մենք մեր աշխատավարձերն ենք պահանջում, ո՞վ ա մեղավոր, որ գործարանը չի աշխատում, էլի իրենք են մեղավոր, կարողա՞ մենք»,-մեկը մյուսին լրացնելով բողոքում էին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, որոնք այսօր վաղ առավոտից կառավարության շենքի առջև հավաքված ՝ պահանջում էին իրենց նամակի պատասխանը, որը ուղարկել էին նախորդ ակցիայի ժամանակ:

 

Հարցին՝արդյոք տեղյա՞կ են՝ ի՞նչ է լինելու գործարանի ճակատագիրը, և հավատո՞ւմ են, որ կվերագործարկվի, բողոքավորները վրա բերեցին. «Արդեն չենք հավատում: Երեք տարի նույն բանն են ասում են, անընդհատ ժամանակ են տալիս, սպասեցնում ու ոչինչ չի փոխվում, միայն խոստումներ ենք լսում…Առաջինը մենք ենք ուզում, որ աշխատացնեն, այսօր էլ պահանջում ենք և շարունակելու ենք պահանջել, որ վերագործարկեն «Նաիրիտը»: Մեզ ոչինչ չեն ասում, չգիտենք ինչ են մտածում այդ ուղղությամբ, մտածո՞ւմ էլ են, թե՞ ոչ…թալանեցին, ինչ կար ծախեցին, կերան, մենք մեղավո՞ր ենք , աշխատողը մեղավոր՞ր է»,-զայրացած ասում էին նրանք:

Գործարանի աշխատակիցների խոսքով՝ նախարարը խոստացել էր, որ փետրվարի 15-20 կվճարեն մեկ ամսվա աշխատավարձը, բայց ոչինչ էլ չարվեց: «Հեչ մտածո՞ւմ են, որ այս մարդիկ էլ ընտանիք ունեն, երեխա, որ ապրել է պետք…»:

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ Կառավարության շենքի առջև հերթական բողոքի ակցիայի ժամանակ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հանդիպել էր նաիրիտցիներին և խոստացել վճարել գոնե մեկ ամսվա աշխատավարձերը: Նա նաև ասել էր, որ հնարավոր է վերագործարկվի «Նաիրիտը» և վաճառքի հանվի գործարանի անպիտան գույքի, որից ստացված միջոցներով էլ «կփակվեն» աշխատակիցների աշխատավարձերը :

Ինչևէ, հերթական անգամ ՀՀ Կառավարությունից, ինչպես միշտ, ստացվեց նույն արձագանքը՝ սպասել ևս մի քանի օր:

Նաիրիտցիները պատրաստ են սպասել, բայց դրանով, ինչպես վերջիններս արտահայտվեցին, հույս չունեն, որ ինչ-որ բան կփոխվի: «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը նշեց, որ «Նաիրիտի» աշխատակիցներին ընդհանուր պարտքը կազմում է շուրջ 15 միլիոն դոլար: «Մենք դժգոհ են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի պատասխան նամակից: Մենք պահանջում ենք մեր աշխատավարձերը և շարունակելու են բողոքի ակցիաները քանի դեռ չենք ստացել»,-ասաց Ա.Հարությունյանը:

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից