Թեհրանն ու «վեցյակը» Իրանի միջուկային ծրագրի վերջնական համաձայնագրի սեւագրի ուղղությամբ կսկսեն աշխատել արդեն ապրիլի 30-ի առավոտյան: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հայտարարությունը:
Հայտարարությունում նաեւ նշվում է, որ Թեհրանը մտադիր է միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» հետ համաձայնության հասնել մինչեւ հունիսի 30-ը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, միջազգային միջնորդների «վեցյակը» (ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամներն ու Գերմանիան) եւ Իրանն ապրիլի 2-ին պայմանավորվել էին, որ ուրանի հարստացման իրանական հզորությունների երկու երրորդը 10 տարի շարունակ պետք է կանգնեցվել, իսկ Իրանը պարտավորվում է ուրանի հարստացման բոլոր ծրագրերը 25 տարով միջազգային վերահսկողության տակ դնել: Նախատեսվում է համաձայնագրի նախապատրաստումն ավարտել հունիսի 30-ին: