Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Թանժու Բիլգիչը քննադատել է Կիպրոսի Հանրապետությանը՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունելու համար:
Թուրքական «Միլիյեթ» պարբերականի հաղորդմամբ՝ Բիլգիչը նշել է, թե օրինագիծը համարում են «անօրինական և անհիմն»:
Բիլգիչը նշել է. «Մինչ այս էլ 1915-ի դեպքերը օգտագործում են պարզունակ, առօրեական քաղաքական հաշիվների համար, սրանից հետո էլ, անկասկած, ոչ մի արդյունքի չեն հասնելու»:
Հիշեցնենք, որ Կիպրոսի Հանրապետության խորհրդարանը ապրիլի 2-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Կիպրոսի խորհրդարանում օրինագիծը ներկայացրել են բոլոր կուսակցությունները համատեղ:
Օրենքը պատիժներ է նախատեսում ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ կատարված հանցագործությունները չճանաչողների համար:
Կիպրոսում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն 5 տարվա ազատազրկմամբ և կտուգանվեն 10 հազար եվրոյի չափով։
Կիպրոսը Եվրոպայում չորրորդ պետությունն է (Հունաստանից, Սլովակիայից և Շվեյցարիայից հետո), որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը։
Կիպրոսի Հանրապետությունը 1975 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Նշենք նաև, որ Թուրքիան 1974 թվականից բռնազավթել է Կիպրոսի հյուսիսային հատվածը, որը ստացել է «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» անվանումը, իսկ այն ճանաչված է միայն Անկարայի կողմից։ Ներկայումս Թուրքիան Կիպրոսի հյուսիսում պահում է մեծաքանակ զինված ուժեր, որոնք թեև պայմանականորեն պատկանում են ՀԿԹՀ-ին, սակայն իրականում հենց Թուրքիայի զինված ուժերի մի մասն են։