Բելառուսական արտադրանքի մատակարարումների սահմանափակումը Ռուսաստան՝ քաղաքականության հետևանք է, կարծում է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է Интерфакс-ը։
«Մի՞թե կարելի է այսօր պայքարել գնաճի դեմ և արգելել այդ նույն արտադրանքի մատակարարումները սեփական շուկա։ Որքան շատ լինի արտադրանքը, այնքան ցածր կլինեն գները։ Ինչու՞ արգելել։ Բացարձակ քաղաքականություն, ընդ որում՝ հիմար և անուղեղ քաղաքականություն»,- հայտարարել է Բելառուսի առաջնորդը։
Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսի համար անթույլատրելի է համարում պատժամիջոցներին միանալը և ռուսական «մթերային էմբարգոն»։
«Եթե մենք պատժամիջոցներ սահմանենք, ինչպես Ռուսաստանը, մենք ընդհանրապես մերկ կմնանք։ Եվ բացի այդ, մեզ ոչ ոք չի խնդրել միանալ պատժամիջոցներին, իսկ որևէ բան կորցնելու դեպքում՝ օգնել մեզ։ Նման խոսակցություն չի եղել»,- ասել է նախագահը։
Լուկաշենկոն հայտնել է, որ մտադիր է սահմանափակումների վերաբերյալ «ուղիղ հարց» հղել իր ռուս գործընկերոջը՝ Վլադիմիր Պուտինին։ Նրա խոսքով՝ իր և Պուտինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև կկայանա «շատ լուրջ երկխոսություն»։
«Մենք չպետք է կործանենք այն միությունը, որին այդքան տարիներ ենք հատկացրել։ Մենք երեքով ստեղծել ենք այդ միությունը, որը սկսում է գործել հունվարի 1-ից, և մեր համար ամոթալի կլինի, եթե մենք սեփական ձեռքերով այն կործանենք»,- ասել է Լուկաշենկոն։