Տնտեսություն 

Խորը գնանկում է արձանագրվել միրգ ապրանքախմբում՝ 29.1%, բանջարեղեն ու կարտոֆիլ ապրանքախմբում գնանկումը կազմել է 10.7%

2015թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.2% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 4.6% գնանկումով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ համաձայն ԱՎԾ–ի այսօր հրապարակած ցուցանիշների՝ 2015թ-ի հունվարին արձանագրված 2.5% բարձր գնաճից հետո, փետրվարից սկսած առայսօր հանրապետությունում գրանցվում է գների անկում։

«Փետրվար-մայիս ամիսներին եթե գնանկման մակարդակը 0.1-0.5%-ի սահմաններում էր յուրաքանչյուր ամսվա համար, ապա վերջին երկու ամիսներին ավելի խորը գնանկում է արձանագրվել՝ հունիսին մայիսի համեմատ գնանկումը կազմում է 1.4%, իսկ հուլիսին հունիսի նկատմամբ՝  2.2%»,-ասաց նա։

 

Գուրգեն Մարտիրոսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ 7 ամիսների սպառողական ինդեքսը՝ հուլիսը դեկտեմբերի նկատմամբ գնանկումը կազմել է 2.2%:

«Ոչ պարենային ապրանքների շուկայում հուլիսին հունիսի նկատմամբ նվազել են 0.7%-ով, իսկ ծառայությունների ոլորտում սակագները նվազել են 0.1%-ով»,-ասաց նա

Մասնագետը տեղեկացրեց, որ պարենային ապրանքների շարքում դիտարկվող 13 ապրանքախմբրից 11-ում գրանցվել է գների նվազում 29.1%-ից մինչև 0.2%։ Մեկ ապրանքախմբում գրանցվել է գնաճ, մյուսում՝ գները մնացել են անփոփոխ։

«Խորը գնանկում է արձանագրվել միրգ ապրանքախմբում՝ 29.1%, բանջարեղեն ու կարտոֆիլ ապրանքախմբում գնանկումը կազմել է 10.7%, ձվի գնի նվազել են 5.3%-ով։ Գնանկում է արձանագրվել նաև հացամթերքի ապրանքախմբում՝ 0.3%-ով, մսամթերքի ապրանքախմբում՝ 0.7%, ձկնամթերք՝ 0.4%, կենդանական ու բուսական յուղի գները նվազել են 0.2%–ով, շաքարավազինը՝ 2.5%։ Գնաճ է արձանագրվել հրուշակեղենի ապրանքախմբում՝ 0.3% և անփոփոխ է մնացել ոչ ոգելից խմիչքի գները»,-ասաց նա։

 

Ոգելից խմիչքի ու ծխախոտի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.2%-ով։

 

Նույն շարքից