Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես՞ է փոխվելու ՀՀ քաղաքացիների կյանքը` ԵՏՄ անդամակցելուց հետո, և որ՞ ապրանքներն են թանկանալու ԵՏՄ-ին անդամակցելուց հետո , և արդյոք՞ հայկական ընկերությունները մրցունակ կարող են լինել նոր ինտեգրացիոն կառույցում, պատասխանեց, որ սխալ պատկերացում կա, թե հայկական ընկերությունները մրցունակ չեն: «Եթե մի երկրի ընկերությունները մրցունակ չլինեն, ոչ մի արտասահմանյան ընկերություն չի ձգտի այդ երկրում ներդրումներ կատարել»,- ասաց նախարարը:
«Գների ու փոխարժեքի վերաբերյալ դատողություններ անելը բավական անշնորհակալ գործ է: Եղանակը նույնիսկ ավելի կանխատեսելի է, քան գներն ու փոխարժեքի տատանումները: Այն ապրանքները որոնք բացառության տակ են, ազդեցությունների չեն ենթարկվի, բայց եթե բացառություններից դուր ապրանքներ լինեն, որոնց գները աշխարհում թանկանան, ապա ճիշտ չէ դա վերագրել ԵՏՄ-ին անդամակցությանը: Ցանկացած ապրանքի հետ կապված գնային փոփոխության հարցը պետք է առանձին վերլուծության ենթարկվի, որ կարողանանք ճիշտ կանխատեսում և եզրակացություններ անենք: Այսօր դրա մասին խոսել չի կարելի»,- ասաց նախարարը` շեշտելով, որ Հայաստանը հնարավորինս ազատ շուկա է ապահովում, որը հնարավորինս կզսպի գների թանկացումը: Լրագրողները նկատեցին, որ Կարեն Ճշմարիտյանի ամփոփիչ զեկույցից տպավորություն ստեղծվեց, թե Հայաստանում ամեն ինչ լավ է ու հարթ: Նախարարը չհամաձայնեց, ասելով, որ Հայաստանում կան շատ խնդիրներ ու խոչընդոտներ: Հարցին, թե որքա՞ն տեղական ընկերություններ են փակվել , նախարարը նշեց, որ չի կարող դեռևս դրան պատասխանել, քանի որ ռեգիստրի տվյալները դեռևս պատրաստ չեն, դրանք կհրապարակվեն ավելի ուշ: «Միգուցե փակվել են, միգուցե բացվել են, տարվա վերջին կունենանք այդ տվյալները»,- ասաց Ճշմարիտյանը:
Նախարարի խոսքով` ձեռնարկությունների փակվելը կարող է տեղի ունենալ մի տարբեր գործոնների պատճառով` կարող է` չեն կարողանում իրենց բիզնեսը ճիշտ կառավարել, կարող է` իրենց բիզնեսի վրա ազդում են շուկայի փոփոխությունները, կարող է` զուտ գյուղատնտեսական ոլորտի հետ կապված լինելով` բերքի սակավության պատճառով, մրցակցության ոլորտում չարաշահումների պատճառով և այլն: «Ազդեցության գործոնների գամման շատ տարբեր կարող է լինել»,- ասաց նախարարը: Այն հարցին, թե ինչու՞ էր Հայաստանի նախագահը ԵՏՄ անդամ պետությունների հետ հանդիպման ժամանակ միայն շնորհակալություն հայտնում և չասվեց ուրիշ ոչինչ ելույթում, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց. «Նման հարցադրումները չեն բխում Հայաստանի շահերից, ձեռնպահ պետք է մնալ նման հարցադրումներից»: