Կիպրոսի Հանրապետության կառավարությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող ԱՄՆ ներկայացուցիչ Սամանթա Փաուերին: Ինչպես հաղորդում թուրքական «Հուրիեթ» պարբերականը, իրենց նամակում հունական կառավարությունը նախ ընդգծել է, որ Էրդողանի այցը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն անօրինական է:
«Հյուսիսային Կիպրոսում Էրդողանի ասած խոսքերը թունավորել են միջավայրը, փչացրել են վստահության մթնոլորտը: Վերացել են նաև կիպրական բանակցություններում առաջընթացի հույսերը»,- նամակում հայտնել են հույները: Նրանք պահանջել են, որպեսզի իրենց նամակը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում ներկայացվի որպես պաշտոնական փաստաթուղթ:
Թուրքիայի նախագահ Էրդողանն իր առաջին պաշտոնական այցով մեկնել էր Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն, որտեղ հայտարարել էր, թե թույլ չի տա, որ կիպրոսցի թուրքերն այստեղ վերածվեն փոքրամասնության:
1974-ին, կիպրացի հույների և թուրքերի միջև բախումներից հետո Թուրքիան պարզապես նվաճեց Կիպրոսի հյուսիսարևելյան մասը և այնտեղ հռչակեց այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որին մինչև օրս, բացի Թուրքիայից, ոչ մի երկիր չի ճանաչել։ Այդ պատճառով հազարավոր կիպրացիներ ստիպված եղան տեղահանվել և «անկախ» թուրք-կիպրական կարավարություն կազմվեց կղզու հյուսիսում։