Սպորտ 

Կհետևի՞ Բեռնար Շալանդը Դիկ Ադվոկատի օրինակին, թե՞ ոչ

Ֆուտբոլի Սերբիայի հավաքականի այժմ արդեն նախկին գլխավոր մարզիչ, հոլանդացի Դիկ Ադվոկատը  ոչ միայն ազատել է զբաղեցրած պաշտոնը, այլև հրաժարվել է պատկառելի գումար փոխհատուցում ստանալ` Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը խզելու համար:

67-ամյա մասնագետն  ինքը ևս բարոյական չի համարել շարունակել աշխատանքը, քանի որ Սերբիայի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում երեք խաղերից հետո վաստակել է մեկ միավոր և I խմբում զբաղեցնում է նախավերջին տեղը: Իսկ վերջինը` Հայաստանի ազգային հավաքականն է, որի գլխավոր մարզիչը չի էլ մտածում, որ ժամանակն է հեռանալու:

Բեռնար Շալադը, թեև իրեն  փոքր-ինչ «խենթ» մասնագետ էր որակում, բայց նրա գլխավորած թիմը կարող է իր ցուցանիշներով հունից հանել, գժվացնել անգամ թիմի ամենանվիրյալ երկրպագուներին: Շալանդի ղեկավարությամբ Հայաստանի ընտրանին 8 խաղ է անցակացրել, որից մեկում հաղթել է, մեկում բավարարվել ոչ-ոքի արդյունքով և 6 պարտություն է կրել: Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում 3 խաղից հետո վաստակել է սոսկ 1 միավոր և եզրափակում է I խմբի մրցաշարային աղյուսակը: Եթե հաշվի առնենք, որ մեր թիմի առջև խնդիր է դրվել պայքարը շարունակելու իրավունք տվող ուղեգրի արժանանալ, այս արդյունքը չի կարելի բավարար համարել:

Ընդ որում, Շալանդին մեծ հնարավորություններ էր տրվել Հայաստանի ազգային հավաքականը փորձությանը նախապատրաստելու համար: Մեր թիմը մի շարք ընկերական խաղեր էր անցկացրել: Ու թեև այն շարունակ ձախողվում էր, նաև խոշոր հաշիվներով պարտվում, սակայն հույս կար, որ անհաջողություններից դասեր կքաղվեն և պատասխանատու խաղերում այլևս նույն բանը չի կրկնվի: Մինչդեռ, Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումներում մեր երկրի ընտրանին պարզապես հիասթափեցրեց: Եվ դրանում մեծ է հավաքականի գլխավոր մարզչի մեղքի բաժինը:

Մասնավորապես, Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կայացած դանիացիների հետ արտագնա խաղում, եթե չհաղթեինք, ապա նաև չպետք է պարտվեինք 1:2 հաշվով, քանի որ խաղավարտից մի փոքր առաջ առջևում էինք 1:0 հաշվով: Սերբերի հետ տանն անցկացրած խաղում նույնպես 1:0 հաշվով առջևում էինք և, 11 մ-ոց տուգանային հարվածը հստակ իրացնելու դեպքում, հաշիվը կկրկնապատկվեր, մինչդեռ, բավարարվեցինք 1 միավորով, քանի որ խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Վերջին` Պորտուգալիայի հավաքականի հետ խաղում էլ մերոնք «փակ» ֆուտբոլ խաղացին, թեև նախկինում կիրառած փորձը ցույց էր տվել, որ հնարավոր չէ ամբողջ խաղի ընթացքում պաշտպանվել, և նման դեպքերում արդյունքը բացասական է լինում: Ընդ որում, մերոնք ոչ միայն չդիմացան, գնդակ բաց թողեցին և ի վերջո պարտվեցին 0:1 հաշվով, այլև կարող էին ավելի խոշոր հաշվով զիջել մրցակցին:

Հայաստանի հավաքականի մարզիչը, իր գլխավորած թիմի պատճառած հիասթափությունից հետո, պետք է ինքնակամ հրաժարական տար: Եթե Շալանդը դեռ հապաղում է այդ անել, ապա անհրաժեշտ է կտրուկ քայլի դիմել և նրան շուտափույթ ճանապարհ դնել:

 

Նույն շարքից