Հայաստանի առեւտրային հիմնական գործընկեր Ռուսաստանից սպասվող դրամական փոխանցումների էական նվազմամբ եւ տնտեսությունում թույլ ներդրումային ակտիվությամբ պայմանավորված` սպասվում է, որ 2015 թվականին Հայաստանի տնտեսությունում 5.2 տոկոսով կկրճատվեն մասնավոր հատվածի ծախսումները:
Ըստ ԿԲ վերլուծության, այդ գործոններով պայմանավորված` մասնավոր ծախսումների սպասվող նվազումը 2015 թվականին կմեղմվի նախորդ տարվա ընթացքում իրականացված ընդլայնողական դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների ազդեցությունների պահպանմամբ, ինչպես նաեւ 2015 թվականին ակնկալվող` տնտեսությանը նոր հարկաբյուջետային խթանների տրամադրմամբ:
Համաձայն ԿԲ հաշվետվության` 2016-2017 թվականներին մասնավոր ծախսումները աստիճանաբար կվերականգնվեն` արձանագրելով չափավոր աճի տեմպեր: Նշված ժամանակահատվածում տնտեսական աճի վրա մասնավոր ծախսումների բացասական ազդեցությունը կմեղմվի 2015 թվականին իրականացվելիք հարկաբյուջետային ընդլայնողական քաղաքականության ազդեցության պահպանմամբ եւ զուտ արտահանման դրական նպաստումով:
Չնայած մասնավոր ծախսումների վերը նշված շարժը որոշակիորեն բացասաբար կանդրադառնա տնտեսական աճի վրա, այնուամենայնիվ, այն հետագայում կնպաստի տնտեսությունում հավասարակշռության եւ կայունության ձեւավորմանը: 2015 թվականին մասնավոր սպառմանն ուղղված ծախսումները էականորեն վերագնահատվել են նվազման ուղղությամբ` պայմանավորված ՌԴ-ից դրամական փոխանցումների զգալի կրճատմամբ եւ տնտեսության վարկավորման աճի տեմպերի ակնկալվող նվազմամբ:
Այս պայմաններում գնահատվում է, որ 2015 թվականին տնային տնտեսությունների` վերջնական սպառմանն ուղղված ծախսումները դրական արտահայտությամբ կկրճատվեն 3.3 տոկոսով:
Այդ գործոնները, ինչպես նաեւ տնտեսությունում առկա եւ սպասվող թույլ ներդրումային ակտիվությունը 2015 թվականին կհանգեցնեն մասնավոր ներդրումների շուրջ 14 տոկոսով կրճատմանը, որն էապես ցածր է նախորդ կանխատեսումների համեմատ:
2015 թվականին սպասվող մասնավոր ներդրումների նվազումը կպայմանավորվի շինարարության եւ տնտեսության ոչ արտահանելի այլ հատվածներում գործող ձեռնարկություններում ներդրումների կրճատմամբ, որը կգերակշռի արտահանելի ոլորտում սպասվող ներդրումների աճին: Արտահանելի հատվածում ներդրումների սպասվող աճն իր հերթին պայմանավորված է 2014 թվականի վերջին ՀՀ դրամի փոխարժեքի արժեզրկման արդյունքում ոլորտում շահութաբերության աճով: