Հիշում եմ և պահանջում 

Հայ դպրոցականները պատվո պահակ են կանգնել Ծիծեռնակաբերդում

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում այսօր մեկնարկեց անմար կրակի մոտ աշակերտական «Պատվո պահակ» հերթապահությունը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ այս ակցիան աննախադեպ է:



«Այս նախաձեռնությունը կրթության և գիտության նախարարությանն է, որը հավանության է արժանացել պետական հանձնաժողովի կողմից և ապրիլի 1-ից մինչ ապրիլի 23-ը յուրաքանչյուր օր մեկ դպրոցի աշակերտներ ժամը 10-ից մինչև 18:00-ն հերթափոխով կոգեկոչեն իրենց լուռ,  ձիգ կեցվածքով այն զոհերի հիշատակը, որոնց շարքերում կան իրենց տատերը, պապերը նախահայրերը»,– ասաց նախարարը:



«Այնքան բնական էր այս պոռթկումը, ցանկությունը, որ խոստովանեմ՝ մեծ կազմակերպչական և քարոզչական աշխատանք չէր պահանջում, գաղափարը միանգամից ընկալվեց բոլոր դպրոցների կողմից, ծնողների մեծամասնությունը ևս ողջունեց»,- ասաց նա։



Արմեն Աշոտյանը նշեց, որ «պատվո պահակի» աշակերտների մոտ կա բավականին հուզմունք, ապրումներ, պատմական հիշողություն և սգո հետ շաղախված հպարտություն է քանի որ նրանք մնում են մենակ, լուռ այն վայրի հետ, որտեղ շաղախված է, կենտրոնացված է ողջ հայության հիշատակն ու սուգը:



Նախարարն ասաց, որ իրենք  ներառել են այս ծրագրի մեջ ինչպես հատուկ դպրոցների, այնպես էլ ավագ դպրոցների աշակերտներին:



Նա նշեց, որ թեև նախատեսել էին միայն մայրաքաղաքային դպրոցները մասնակից դարձնել ծրագրին, սակայն մարզային դպրոցները ևս ցանկություն են հայտնել մասնակցելու և հնարավոր է նրանց ներառեն մի քանի ժամով:



Արմեն Աշոտյանն ասաց, որ ցանկություն կա ակցիան դարձնել ավանդական: Նա նշեց, որ ինքը «պատվո պահակ» է եղել խորհրդային միության տարիներին դպրոցահասակ տարիքում՝ անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ: Նա նշեց, որ նման արարողակարգ կա մի շարք երկրներում և այս ակցիան այնքան բնական էր և նույնիսկ մի քիչ  ուշացած:

 

Նույն շարքից