Հունաստանի կառավարությունը հրավիրել է ռուսական ձեռնարկություններին մասնակցելու Կրետեում և Հոնիական ծովում գազի և նավթի հանքերի հայտնաբերման մրցույթին։ Այս մասին Մոսկվա այցի ընթացքում ասել է Հունաստանի շրջակա միջավայրի պահպանության և էներգետիկայի նախարար Պանայոտիս Լաֆազանիսը, փոխանցում է Deutsche Welle-ն։
Նա Աթենքի նախաձեռնությունն անվանել է «նորարարական», քանի որ նախկինում ռուսական ընկերությունները չեն մասնակցել ԵՄ երկրների անցկացրած տենդերներին։
Բացի այդ, Լաֆազանիսը պատմել է Մոսկվայում «Թուրքական հոսք» նախագծի իրականացման վերաբերյալ ռուս գործընկերների հետ անցկացրած խորհրդակցությունների մասին։ Նախարարի խոսքով՝ Հունաստանը բավական հետաքրքրված է, որ թուրք-ռուսական գազատարն անցնի իր տարածքով։
Հույն նախարարը հանդիպել է իր ռուս գործընկեր Ալեքսանդր Նովակի և «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլերի հետ։ Քննարկվել է ռուսական գազի սակագնի իջեցման հարցը։ Միևնույն ժամանակ Լաֆազանիսը դիմել է ռուսական կառավարությանը՝ խնդրելով ԵՄ-ի երկրներից գյուղապրանքների ներմուծման պատժամիջոցները չտարածել Հունաստանի վրա։