Ուկրաինական ճգնաժամն օգնեց Հյուսիսատլանտյան դաշինքին, որի նշանակությունը վերջին ժամանակներում կարելի է կասկածի տակ առնել, կրկին արդարացում գտնել իր գոյության համար, գրում է «Взгляд»-ը՝ հղում անելով Չինաստանի «Սինհուա» տեղեկատվական գործակալությանը:
«Սեպտեմբերի 5-ին ավարտված ՆԱՏՕ-ի գագաթաժողովը դարձավ այդ կազմակերպության ամենակարևոր նիստը սառը պատերազմի ավարտից հետո»,- գրում է գործակալությունը՝ նշելով Արևելյան Եվրոպայի երկրներում արագ արձագանքման ջոկատներ տեղակայելու ՆԱՏՕ-ի որոշումը:
«Բոլոր այդ միջոցներն ուղղված են Ռուսաստանի հետագա զսպմանն ու Ուկրաինայի արևելքում հակակառավարական զինված խմբավորումների ուղղությամբ հարվածներ հասցնելուն: Բայց կկարողանա՞ ՆԱՏՕ-ն հասնել ակնկալած արդյունքներին տվյալ որոշման իրականացման դեպքում, կասկածելի է»,- ասված է գործակալության մեկնաբանությունում:
Ինչպես գրում է «Սինհուան», ՆԱՏՕ-ն մի կողմից հայտարարում է, որ Ռուսաստանը հարձակվում է Ուկրաինայի վրա, մյուս կողմից՝ հրաժարվում է քննարկել կառույցին Ուկրաինայի անդամակցության հարցը և տեղակայում արագ արձագանքման զորքեր, որոնք պետք է արագ օգնություն տրամադրեն անդամ երկրներին, եթե դրանք ենթարկվեն հարձակման:
«Սառը պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ի գոյության նպատակը Վարշավայի պայմանագրի կազմակերպությանը դիմադրությունն էր: Բայց այդ կազմակերպության վերանալուց հետո 20 տարվա ընթացքում ՆԱՏՕ-ն շարունակում է մտածել սառը պատերազմի կատեգորիաներով՝ մշտապես ընդլայնվելով դեպի արևելք և դրա հետ մեկտեղ Եվրոպայում տեղակայելով հակահրթիռային պաշտպանության համակարգ»,- գրում է «Սինհուան»:
Ուկրաինական ճգնաժամը ՆԱՏՕ-ի համար միայն առիթ է Ռուսաստանին զսպելու համար, այն մտադիր չէ ռիսկի դիմել Ուկրաինայի համար: