Միջազգային 

Նյու Յորքում քննարկվել են Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախապատրաստելու հարցեր

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա), Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ընթացքում քննարկել են Փարիզում հոկտեմբերի վերջին նախատեսվող նախագահների հանդիպման նախապատրաստությունները: Այդ մասին ասված է ԵԱՀԿ մամուլի հաղորդագրության մեջ:

 

Հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստվում են շարունակել երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գլխավոր բաղադրիչների շուրջ: Համանախագահները հույս են հայտնել, որ նախագահները կունենան արդյունավետ քննարկումներ տևական կարգավորման ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար:

 

Հանդիպմանը ներկա գտնվող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հակիրճ տեղեկացրել է մասնակիցներին հարցերի մասին, որոնք կարող են ներառվել գալիք հանդիպման օրակարգում: Համանախագահները մտադրություն են հայտնել մոտ ժամանակներս այցելել տարածաշրջան:

 

Համանախագահները նաև հանդիպել են ԵԱՀԿ նախագահ Դիդյե Բուրկհալտերի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում գրանցված վերջին զարգացումները: Նրանք ԵԱՀԿ նախագահին են ներկայացրել Սոչիում և Ուելսում նախագահների վերջին հանդիպումների մասին հաշվետվություն և տեղեկացրել են նրան Փարիզում հանդիպման համար պատրաստությունների մասին:

Նույն շարքից