Հայաստանի խորհրդարանում ապրիլի 2-ին սկսել են քննարկել Վրաստանի հետ սահմանին Դեբեդ գետի վրա սահմանային կամրջի շինարարության շուրջ նախագիծը: Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրել է տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը:
«Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում նոր՝ ժամանակակից կամրջի կառուցումն այսօր շատ կարեւոր է երկու երկրների միջեւ ուղեւորների եւ բեռների անխափան փոխադրման համար»,- ընդգծեց Առաքելյանը:
Նոր կամուրջը կառուցվելու է Վրաստանի հետ հայկական սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի շրջանակում: Ծրագրի ընդհանուր արժողությունը 60 մլն եվրո է: Այն մեկնարկել է 2013 թվականին, Եվրամիության դրամանաշնորհային եւ այլ դոնորների վարկային միջոցների հաշվին: