Տնտեսություն 

Նվազագույն աշխատավարձը կարող է կրկին բարձրանալ

Նվազագույն աշխատավարձը Հայաստանում կարող է կրկին բարձրացվել: Համաձայն Հայաստանի կառավարության 2014թ. գործունեության ծրագրի, որն ընդունվել է Գործադիրի հունվարի 9-ի նիստում, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կառաջարկի վերանայել «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքը՝ հօգուտ քաղաքացիների եկամտի աճի, ինչպես նաեւ կենսաթոշակների բարձրացման ուղղությամբ աշխատանք կիրականացնի: Աշխատանքների արդյունքները նախատեսվում է ներկայացնել տարվա երկրորդ կեսին:


Հիշեցնենք, վերջին տարիներին նվազագույն աշխատավարձը երկու անգամ բարձրացել է՝ 2013թ. հուլիսի 1-ից հասնելով 45 հազար դրամի, իսկ 2014թ. հունվարի 1-ից՝ 50 հազար դրամի:


2014թ. միջին կենսաթոշակը կկազմի 36 հազար դրամ՝ 2013թ. 31 հազարի փոխարեն:


Բացի այդ, նախատեսվում է որոշում ընդունել, որտեղ կճշգրտվեն 18-ամյա անտուն անձանց ժամանակավոր կացարան տրամադրելու եւ հասարակությանը նրանց ինտեգրման հարցերը:


ԿԳ նախարարը նոյեմբերին նախատեսում է բուհերի վարձավճարների վերին շեմ սահմանել, ինչպես նաեւ 9-ամյա պարտադիր անվճար կրթական համակարգից անցում կատարել 12-ամյա միջնակարգ եւ միջնակարգ հատուկ համակարգի: Դպրոցներում, ինչպես եւ բուհերում, նախատեսվում է կիրառել կրեդիտային համակարգը:


Բացի այդ, Հայաստանի ոստիկանությունը նախատեսում է անձնական տվյալների իրավական բազայում փոփոխություններ կատարել՝ դրանց անձեռնմխելիության, անձնական եւ ընտանեկան կյանքի պաշտպանության մակարդակը եվրոպական ստանդարտներին հավասարեցնելու նպատակով:

Նույն շարքից