Միջազգային 

Պենտագոնը ժխտում է Ուկրաինային զենքի մատակարարման շուրջ գործարքի կնքումը

Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը հերքել է Ուկրաինային զենքի գաղտնի մատակարարումների վերաբերյալ տեղեկատվությունը: Ինչպես տեղեկացնում է  Reuters գործակալությունը, նա համապատասխան հայտարարությունն արել է սեպտեմբերի 8-ին Թուրքիա այցի ընթացքում:

 

Հեյգելը նշել է, թե իրեն հայտնի չէ «Ուկրաինային զենքի մատակարարումների վերաբերյալ գաղտնի գործարքի մասին, որն իբր կքնվել է Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում»:

 

Պենտագոնի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Ուկրաինայում կպահպանվի հրադադարի ռեժիմը, և ընդգծել է, որ այդ երկրի արևելքում հակամարտությունը ռազմական լուծում չունի:

 

Սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի նախագահի խորհրդական և «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» կուսակցության ղեկավար Յուրի Լուցենկոն Facebook-ի իր Էջում հայտնել Է, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ, ելույթ ունենալով Նյուպորտի հանդիպման արդյունքում պայմանավորվել են զենք մատակարարել Ուկրաինային:

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պայմանավորվածություններ են ձեռք բերվել արևմտյան ռազմական խորհրդականների ուղարկման և ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Լեհաստանից, Նորվեգիայից արդիական զենքի մատակարարումների շուրջ»,-գրել Է Լուցենկոն:

Այդ տեղեկատվության հերքմամբ արդեն հանդես են եկել Վարշավան և Օսլոն: Հռոմում պաշտպանության նախարարության աղբյուրները հայտնել են, որ Իտալիան դիտարկել Է Ուկրաինային ոչ մահաբեր ռազմական հանդերձանք մատակարարելու հնարավորությունը, այն Էլ՝ ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ սերտ կոորդինացմամբ»:

 

Փարիզում չեն մեկնաբանել ուկրաինական կողմի տարածած  տեղեկատվությունը: «Այդ տեղեկատվությունն ստացվել Է ոչ պաշտոնական աղբյուրներից: Ուստի մենք մտադիր չենք դրա վերաբերյալ որևիցե մեկնաբանություն տալ»,- հայտնել Է Ելիսեյան պալատի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

 

Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նախօրյակին Մարիուպել կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրների հետ պայմանավորվել է զենքի ուղղակի մատակարարումների շուրջ:

 

Նույն շարքից