ԱՄՆ պաշտպանության նախարարությունն առայժմ չի պատկերացնում, թե որքան կարող է տևել Իրաքում ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) խմբավորման դեմ պայքարը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Ես չգիտեմ՝ որքան (ժամանակ կպահանջվի)»,- հինգշաբթի օրը Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը:
Հեյգելը հիշեցրել է, որ հիմա ԱՄՆ-ը «արդյունավետ կոալիցիա ստեղծելու գործընթացում է», որն էլ կոչված է հաղթելու ԴԱԻՇ-ին Իրաքում և Սիրիայում: Նա նշել է, որ կոալիցիայում ընդգրկվել ուզում է 40 երկիր: «Նրանք բոլորը կմասնակցեն որոշակի չափով»,- նշել է Հեյգելը: Սակայն, նրա խոսքով, արագ հաղթական պատերազմ չի լինի: «Դա հեշտ չէ, դա դժվար է»,- խոստովանել է նա:
Լե Դրիանը, իր հերթին, լրագրողներին վստահեցրել է, որ Ֆրանսիան իսլամիստների դեմ պայքարում ամենաակտիվ մասնակցությունն ունի: