Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական կայքում Ուկրաինայի արևելքում կրակի մշտական դադարեցման վերաբերյալ Պորոշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև պայմանավորվածության ձեռքբերման մասին հաղորդագրության տեքստում փոփոխություններ են արվել: Հաղորդագրությունից հանել են «մշտական» բառը՝ հայտնում է liga.net գործակալությունը:
Գործակալության տեղեկությամբ՝ հաղորդագրության նախնական տեքստն այսպիսին է եղել. «Խոսակցության արդյունքը պայմանավորվածությունն է Դոնբասում կրակի մշտական դադարեցման վերաբերյալ: Փոխըմբռնում է ձեռք բերվել քայլերի վերաբերյալ, որոնք կնպաստեն խաղաղության հաստատմանը»:
Ավելի ուշ տեքստից հանել են «մշտական» բառը:
Իսկ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը չի հաստատել Պորոշենկոյի մամլո ծառայության հայտարարությունը կրակի դադարեցման մասին՝ հայտնում է ITAR-TASS-ը: Պեսկովը նշել է, որ Պուտինն ու Պորոշենկոն «մեծամասամբ համաձայնության են եկել» քայլերի վերաբերյալ, որոնք կնպաստեին ուկրաինացի զինվորականների և անջատողականների միջև կրակի դադարեցմանը:
Պեսկովն ասել է. «Այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Պորոշենկոն իսկապես կարծիքներ են փոխանակել և մեծամասամբ համաձանության եկել քայլերի վերաբերյալ, որոնք կնպաստեին երկրի հարավ-արևելքում ուկրաինացի զինվորական ստորաբաժանումների և աշխարհազորայինների միջև կրակի հնարավորինս շուտ դադարեցմանը»: