Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցելԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, որի ընթացքում քննարկել է խաղաղ ծրագրի իրագործման գործընթացը: Այդ մասին հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը, հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:
Բայդենը Ուկրաինայի իշխանությունների գործողությունները գնահատել է՝ «ճիշտ և պրոֆեսիոնալ»:
Պորոշենկոն իր կողմից հայտարարել է, որ զինյալների կողմից կրակի դադարեցումը պետք է ուղեկցվի պատանդների ազատմամբ և ռուս-ուկրաինական սահմանի փակմամբ: Նախագահն ընդգծել է, որ այժմ Ռուսաստանը պետք է ընդառաջող իրական քայլեր կատարի:
Պորոշենկոն նշել է, որ եթե խաղաղ ծրագիրը չկատարվի, ապա ԱՄՆ-ը և Եվրամիությունը պետք է վճռական ջանքեր գործադրեն Ուկրաինային աջակցելու համար, մասնավորապես, Եվրախորհրդի հունիսի 27-ի որոշմամբ: Պետության ղեկավարի կարծիքով՝ այդ հարցում անդրատլանտյան համերաշխությունը շատ կարևոր է:
Բայդենը Պորոշենկոյին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հունիսի 23-ին կայացած հեռախոսազրույցի մասին, որը գրեթե ամբողջովին նվիրված էր Ուկրաինայի հարցին: