Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին Հայրենական մեծ պատերազմում Մեծ հաղթանակի 70–ամյա հոբելյանի առթիվ, ասվում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում։
Շնորհավորական ուղերձներում ընդգծվում է, որ «Մեծ հաղթանակը մեր ժողովուրդների ընդհանուր անգին նվաճումն է, ժողովուրդների, որոնք ուս–ուսի մարտնչել են դաժան թշնամու դեմ և փրկել են աշխարհը նացիզմից, և այսօր մեր պարտքն է սրբորեն պահել զոհված հերոսների հիշատակը, խնամքով շրջապատել պատերազմի վետերաններին, թույլ չտալ անցյալի ողբերգական իրադարձությունների կրկնություն»։
Ռուսական պետության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ Հայրենական մեծ պատերազմում կոփված եղբայրական բարեկամությունն այսուհետ էլ կնպաստի ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանը և արժանի օրինակ ծառայել մեր ներկա և ապագա սերունդների համար։