Անկախ նրանից, թե արդյունքում ինչպես կլուծվի Ուկրաինայի հակամարտությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակությունը զգալի կամրապնդվի, գրում է ամերիկյան Forbes ամսագիրը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
«Պուտինն, ըստ էության, նոր Նապոլեոն է, իսկ ուկրաինական ճգնաժամը նրա համար դարձավ դիվանագիտական Աուստերլից (նապոլեոնական բանակի վճռորոշ մարտը 3-րդ հականապոլեոնական կոալիցիայի դեմ). նա կպահպանի Ղրիմը և Կիևին հակառակվելու հարցում էապես կավելացնի Ուկրաինայի արևելյան շրջանների ռուսալեզու փոքրամասնությունների հնարավորությունները»,- գրում է Forbes-ը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ապա նրա քննադատներն արմատապես սխալ են, երբ նրա անզորությունը կապում են անձնական հատկանիշների հետ։
«Խնդիրն Օբամայի մեջ չէ։ Խնդիրն Ամերիկան է։ Վերջին 60 և, հատկապես, վերջին 30 տարվա ընթացքում, Ամերիկան կորցրել է գրեթե բոլոր առավելությունները, որոնք ունեցել է գլոբալ դիվանագիտական օրակարգի ձևավորման համար։ Նա գործել է հանուն գաղափարական նպատակի՝ գլոբալիզմի, սակայն չի ստացել իր իդեալիզմի արձագանքը։ Նույնիսկ Ամերիկայի մտերիմ դաշնակիցները պատրաստ են անտեսել նրա ցանկությունները, թեև իրենց խոսքում, որը թվում է անկեղծ, աջակցում են նրա նպատակներին»,- գրում է Forbes-ը։