Ռուսական կողմի նախաձեռնությամբ, օգոստոսի 7-ին տեղ է ունեցել Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը: Զրույցի ընթացքում Պուտինը Լուկաշենկոյին տեղեկացրել է ՌԴ-ի կողմից որոշակի կատեգորիայի արտադրանքների արտահանման նկատմամբ արգելքների մասին: Նա հույս է հայտնել, որ Բելառուսը ըմբռնումով կմոտենա այդ քայլերին, որոնք ձեռնարկվում են Ռուսաստանի տնտեսական անվտանգության շահերից ելնելով:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության և դրա ընդլայնմանը վերաբերող հարցեր: Հաստատվել է դիրքորոշումը, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չպետք է տեղի ունենա ի վնաս Մաքսային միության շահերի, հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Երկու երկրների առաջնորդները կարծիքներ են փոխանակել նաև Ուկրաինայի տնտեսության իրավիճակի շուրջ՝ կապված այդ երկրի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու հետ:
Հիշեցնենք, որ ՌԴ կառավարությունը օգոստոսի 7-ին հավանություն է տվել ԵՏՄ-ին հայաստանի անդամակցության մասին պայմանագրին, որը կներկայացվի Վլադիմիր Պուտինի ստորագրմանը: