Միջազգային 

Ռազմական աջակցությունը, որն ԱՄՆ-ը տրամադրում է Ադրբեջանին, Հայաստանի դեմ չի օգտագործվելու. Էրիկ Ռուբինը

Ռազմական աջակցությունը, որն ԱՄՆ-ը տրամադրում է Ադրբեջանին, Հայաստանի դեմ օգտագործելու համար չէ: Այս մասին Հելսինկյան հանձնաժողովում հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Էրիկ Ռուբինը: Նա վստահեցրել է, որ զենքի վաճառքը Բաքվին ուղղվում է հակաահաբեկչական պայքարին: Իսկ ԱՄՆ-ը փնտրում է արցախյան հակամարտության կարգավորման ուղին: Ռուբինը նշել է, որ երբ Միացյալ Նահանգներն Ադրբեջանին օգնություն է տրամադրում անվտանգության ոլորտում, իրենք զգուշավորն են` համոզվելու, որ այն ամբողջությամբ կիրառվելու է հակաահաբեկչական պայքար շրջանակներում և ոչ մի պարագայում չի խոչընդոտելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

 

«Միացյալ Նահանգները հաճույքով է աշխատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ` ԱՄՆ-ն վերջին ամիսներին աշխատել է հստակեցնելու այն առարկայական առավելությունները, որը խաղաղությունը կբերի տարածաշրջանի ժողովուրդներին: Դրա հետ մեկտեղ մենք կենտրոնացած ենք այն պրագմատիկ քայլերի վրա, որոնք կողմերին կհանգեցնեն խաղաղությանն ուղղված բանակցություններին` հիմնված ՄԱԿ-ի սկզբունքների և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա»,- հայտարարել է Էրիկ Ռուբինը: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհամաձայնվեն առաջիկայում հանդիպել` շարունակելու կառուցողական երկխոսությունը, որը սկսվել է նախորդ տարվա նոյեմբերից:

 

Ռուբինը նշել է նաև, որ Միացյալ Նահանգներն անհանգստացած են հայտնի լրագրող Ռաուֆ Միրքադիրովի ձերբակալությամբ, իրավապաշտպան Լեյլա Յունուսի ու Արիֆ Յունուսի դեմ սկսված հետաքննությամբ:

 

Նույն շարքից