Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը լքում է ԵԽԽՎ-ն այն բանից հետո, երբ Վեհաժողովը կրկին զրկեց ռուսական կողմին ձայնի իրավունքից և որոշ լիազորություններից:
«Մեր դիրքորոշումն այն է, որ մենք չենք պատրաստվում լիազորություններ խնդրել: Մենք կարծում ենք, որ եթե մեծամասնությունը որոշել է դադարեցնել մեր լիազորությունները, մենք` որպես պատասխան, ինչպես և զգուշացրել էինք, մինչև տարվա վերջ դադարեցնում ենք մեր գործունեությունը ԵԽԽՎ-ում»,-ասել է Պուշկովը:
Ռուսաստանցի պատգամավորը հավելել է, որ 2000 թվականին Ռուսաստանին արդեն մեկ անգամ զրկել էին լիզորություններից և վերադարձրել դրանք 2001-ին, իսկ այժմ Ռուսաստանն ավելի շատ ուշադրություն կհատկացնի այլ հարթակներին, օրինակ` ԵԱՀԿ-ին: Իսկ եթե մինչև 2016 թվական ոչինչ չփոխվի, կքննարկվի ԵԽԽՎ-ից վերջնական դուրս գալու հարցը: