Միջազգային 

Ռուսաստանը կընդգրկվի ԻՊ –ի դեմ Լիբիայում կազմավորված կոալիցիային

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանը կարող է մասնակցել Լիբիայում ԻՊ խմբավորման դեմ պայքարի համար կազմավորված միջազգային կոալիցիայի գործողություններին:

 

Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, նշելով, որ Ռուսաստանը մասնավորապես կարող է ապահովել ծովային բլոկադա՝ Լիբիայում գործող ահաբեկիչների ռազմական մատակարարումները բացառելու նպատակով:

 

Միաժամանակ Չուրկին ընդգծել է, որ Ռուսաստանը իր մասնակցությունը չի ունեցել Իրաքում ու Սիրիայում միջազգային օդուժի հարվածներին, քանի որ դրանք իրականացվում են առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ու Սիրիայի իշխանությունների համաձայնության:

 

Նրա խոսքերով ահաբեկիչներին հասցվող ավիահարվածները անարդյունավետ են, իսկ Ռուսաստանի ներդրումն ԻՊ խմբավորման դեմ պայքարում առավել նպատակային են:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը Իրաքին տրամադրել է զգալի քանակությամբ զենք ու զինամթերք, այն դեպքում, երբ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները մտածում էին, թե ինչ քայլ ձեռնարկեն:

 

Հիշեցնենք, որ նախօրեին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը արտակարգ խորհրդակցություն էր հրավիրել Լիբիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մասնավորապես Լիբիայի արտգործնախարար Մուհամեդ ադ-Դեյրին խորհրդի անդամներին խնդրել էր չեղյալ հայտարարել երկրի նկատմամբ զենքի մատակարարումների էմբարգոն, ինչը պաշտպանել էր նրա եգիպտական կոլեգան՝ նշելով, որ անհրաժեշտ է նաեւ բացառել ԻՊ գրոհայիններին զենքի մատակարարումները:

 

 

Նույն շարքից