Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը չի մասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունիսյան նստաշրջանին: Այդ մասին նա ասել է «Известия»-ին տված հարցազրույցում, գրում է lenta.ru-ն:
«Մենք ժամանակավորապես դադարեցրել ենք վեհաժողովի հետ համագործակցությունը, այնքան ժամանակով, մինչդեռ գործում են մեր պատվիրակության դեմ պատժամիջոցները»,- ասել է նա: Նրա խոսքով՝ այդ մասին մայիսի 26-ին տեղեկացել է ԵԽԽՎ-ի Նախագահական հանձնաժողովի անդամ Թինի Քոքսը, երբ ժամանել է Մոսկվա և հանդիպել Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
Պուշկովը հավելել է, որ Պետդումայի նախագահը պատրաստակամություն է հայտնել այցելել Ստրասբուրգ և ելույթ ունենալ այնտեղ, սակայն միայն ռուսական պատվիրակության լիազորությունները վերականգնելուց հետո:
ԵԽԽՎ-ն զրկել էր Ռուսաստանի պատվիրակությանը մինչև տարեվերջ քվեարկություններին մասնակցելու իրավունքից, ինչպես նաև մի շարք պատժամիջոցներ կիրառել։ Ընդունված բանաձևում Ռուսաստանի գործողությունները որակվել են որպես «Ղրիմի անեքսիա» և ուկրաինական տարածքի «զինված օկուպացիա»: Մոսկվային մեղադրել են ռազմական ուժի կիրառման սպառնալիքի և «անօրինական անցկացված այսպես կոչված հանրաքվեի» արդյունքները ճանաչելու համար։