ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել են, որ Ռուսաստանը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ուկրաինայում լարվածության թուլացմանն օժանդակելու համար:
Երկու երկրների ղեկավարները «անհանգստություն են հայտնել Ուկրաինայի արևելյան մասում լարվածության աճի և շարունակվող բռնությունների կապակցությամբ»: Ընդսմին նրանք «համաձայնել են, որ Ռուսաստանին անհրաժեշտ է անհապաղ քայլեր կատարել իրադրությունն ապաէսկալացնելու համար»: Այդ քայլերի թվում նշվել են երկկողմ հրադադարի ապահովումը, ռուս-ուկրաինական սահմանի մոնիթորինգի նպատակով ԵԱՀԿ-ի արդյունավետ մեխանիզմի ստեղծումը, շփման խմբի շրջանակներում բանակցությունների «ճանապարհային քարտեզի» նախապատրաստումը և բոլոր պատանդների ազատումը:
Սպիտակ տան վարկածի համաձայն՝ «առայժմ ոչ ԱՄՆ-ը, ոչ Մեծ Բրիտանիան առաջընթաց չեն տեսնում այդ պայմանների կատարման հարցում»: Այդ կապակցությամբ Օբաման և Քեմերոնը «համաձայնել են, որ Եվրոպան և ԱՄՆ-ը պետք է հետագա համակարգված միջոցներ ձեռնարկեն» Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու համար, եթե նա «անհապաղ քայլեր չձեռնարկի ապաէսկալացման ուղղությամբ»: