Ռուսաստանի կառավարությունում որոշել են փոխել երկրի սահմաններն Արկտիկայում, գրում է lenta.ru-ն: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է բնական ռեսուրսների նախարար Սերգեյ Դոնսկոյը:
Նրա խոսքով՝ երկրի տարածքը Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի շրջանում կարող է մեծանալ 1,2 միլիոն քառակուսի կիլոմետրով: Արկտիկայում սահմանները պաշտոնապես ընդլայնելու պաշտոնական հայտը կներկայացվի ՄԱԿ-ին 2015 թվականի գարնանը:
Այժմ Հյուսիսային բևեռը և դրան հարող Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը չի պատկանում ոչ մի երկրի: Ռուսաստանը, Կանադան, Նորվեգիան, Դանիան և ԱՄՆ-ն Արկտիկայում ունեն բացառիկ տնտեսական գոտիներ, որոնք ձգվում են իրենց ափերից 370 կիլոմետր:
Այնուամենայնիվ, Ռուսաստանը, ինչպես և այլ երկրներ հավակնում են իրենց հատվածների շրջանակներում արկտիկ տարածքների մեծ մասին: