Շատերն այսօր այն կարծիքին են, որ ԵՏՄ-ն պատ է, որը պետք է դեմ առնի Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտուն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
«Ռուսների մտավախությունները Չինաստանից եկող մարտահրավերն են: ՌԴ-ին մտահոգում է նաև այն, որ Չինաստանի դերը բարձրանում և հարաբերություններն ավելի են լավանում միջազգային առևտրական կառույցների հետ»,-ասաց տնտեսագետը:
Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտին ցանկանում է ստեղծել բարենպաստ պայմաններ առևտրի համար, վերացնել արգելքները, առևտուրը իրականացնել ազգային արժույթներով, հանրային դիվանագիտությունը ակտիվացնել, որի շնորհիվ էլ կբարձրացվի վստահությունը Չինաստանի նկատմամբ:
«Չինաստանը ցանկանում է այս նախաձեռնությունը ներառել Խաղաղօվկիանոսյան երկրների առևտրային գոտու մեջ»,-հայտարարեց նա:
Ա. Եղիազարյանը նկատեց, որ Կենտրոնական Ասիայի երկրների համար նախընտրելի է չինական նախագիծը, որը նրանց առաջարկում է գործընկերություն, հետո նոր ինտեգրում, իսկ ԵՏՄ-ն հենց սկզբից ինտեգրում է առաջարկում. «Տարածաշրջանի երկրները ավելի շատ հակված են ընտրելու չինական նախագիծը, որի հետևանքով էլ ՌԴ դերը տարածաշրջանում կթուլանա»:
Տնտեսագետը նաև նշեց, որ ՌԴ-ն կփորձի միասնական ԵՏՄ օրակարգ ձևավորել և դրանով Հայաստանի հնարավորությունները կսահմանափակվեն:
Անդրադառնալով Հայաստան-Իրան երկաթգծի իրագործմանը՝ նա նշեց, որ այս առումով դժվար է ակնկալել Չինաստանի օգնությունը: