100 տարի առաջ հայերի դաժան ոչնչացումը կորուստ էր ողջ աշխարհի համար, ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը`ելույթ ունենալով Երևանում կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովի ժամանակ։
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա ֆորումն անցկացվում է Երևանում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ֆորումին մասնակցում է տարբեր երկրներից ավելի քան 600 ներկայացուցիչ։
«100 տարի առաջ բազմաթիվ հայեր զրկվեցին իրենց ներուժն իրագործելու հնարավորությունից, ենթարկվեցին դաժան ոչնչացման։ Սա ոչ միայն կորուստ էր հայերի, այլ նաև ողջ աշխարհի համար», –ասել է Յագլանդը։
Նրա խոսքով` բոլոր երկրները պարտականություններ ունեն մարդու իրավունքների դաժան խախտումների կանխման հարցում, իսկ միջազգային հանրությունը պետք է աջակցի նրանց։
«Եթե նրանք դա անել չեն կարող կամ չեն ցանկանում, ապա մենք պետք է միջամտենք, մարդկանց օգնություն տրամադրենք հումանիզմի հիման վրա», – ասել է Յագլանդը։