ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքով, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին փաստաթուղթը կստորագրվի արդեն այս տարի: Նման տեսակետ նա հայտնել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Երկրի ղեկավարը նշել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բազմաթիվ հարցեր է քննարկել, այդ թվում՝ այդ հարցը: «Մենք ունեցել ենք երկկողմ հանդիպում՝ շատ ավելի տևական ժամանակով, քան երեկվա հանդիպումն էր, և խոսել ենք հայ-ռուսական օրակարգի բոլոր խնդիրների մասին: Բոլոր այն հարցերի մասին, որ կարող էին մտահոգել մեր հանրությանը. սկսած ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ վարկային միջոցների տրամադրման ժամկետից ու կառուցվածքից, որովհետև ենթադրվում է բավականաչափ մեծ՝ 15 տոկոս դրամաշնորհային էլեմենտ, վերջացրած՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալու ժամկետների և պայմանների մասին, ավարտած՝ ռազմա-տեխնիկական համագործակցության խնդիրներով: Եվ ես պետք է իմ բավարարվածությունը հայտնեմ այդ հանդիպման բովանդակությունից: Արդյունքները ժամանակը ցույց կտա: Բայց բովանդակությունը մեզ համար շատ էական էր, շատ կարևոր: Ես կարծում եմ՝ մոտ ժամանակներս մենք արդեն կտեսնենք նաև արդյունքները»,- ասել է նա:
Հարցին, թե անդամակցությունն այս տարի չի լինի, Սարգսյանը պատասխանել է. «Անդամակցությունը մենք երբեք չէինք ենթադրում, որ այս տարվանից կլիներ: Խոսքը երևի ստորագրման մասի՞ն է: Ես չեմ կարծում, որ այս տարի չենք ստորագրի: Ես կարծում եմ՝ կստորագրենք: Եվ հանկարծ, մեկ էլ տեսար, այդ ժամանակը շատ չձգվեց՝ մինչև աշուն: Տեսնենք»: