15 տարի առաջ Հայաստան վերադարձած և 2004 թվականին «Ալիշան» պահածոների ՍՊԸ-ն հիմնած իրանահայ գործարար Սերժիկ Մովսեսյանը, սկսած նախորդ տարվանից, չէր կարողանում շարունակել պահածոների արտադրությունը, քանի որ բախվել էր «ՀայՌուսգազարդի»-ի կամայականություններին:
Դեռ 2014-ին գործարանի շուրջ 50 աշխատակից հայտնվեցին հարկադիր պարապուրդում: Գործարանը չէր կարողանում գործել, քանի որ գազամատակարարումն անջատված էր: Ընկերության սեփականատեր Սերժիկ Մովսեսյանը «Առաջին լրատավական»-ի հետ զրույցում փաստել էր, որ այս տարիներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն գազի հաշվարկը կեղծել է և 11-12 տոկոսով ավելի գումար գանձել: Դրա հետևանքով 1.906.608 դրամ պարտքի ծանուցագիր են ստացել դեռ դեկտեմբեր ամսին, ինչը, տնօրենի հավաստմամբ, իրականության արտացոլումը չէ: Սփյուռքահայ գործարարը չէր հաշտվում անարդարության հետ։

«Մեզնից մոտավորապես 160 հազար խորանարդ մետր ավելորդ գազի գին են հաշվարկել, այսօրվա գազի գնի հաշվարկով մոտավորապես 15-20 միլիոն է կազմում՝ չհաշված այն, որ մենք վնաս կրեցինք իրենց պատճառով այս ամիսներին: Դեկտեմբեր ամսին 450 հազար տույժ տուգանք են դրել, մենք ասում ենք՝ դուք պարտք եք մեզ, տվե՛ք, մենք էլ ձեր պարտքը տանք, չեն համոզվում, գուցե մտածում են՝ օրենքից վեր են. սա է մեր գազի քաղաքականությունը»,- դեռ նախորդ տարի նշում էր հանրությանը հայտնի գործարանի սեփականատերը:
Թեև «վերևներին» Սերժիկ Մովսեսյանը տեղեկացրել էր խնդրի մասին, բայց «ՀայՌուսգազարդ»-ը, ըստ էության, մնաց անդրդվելի։
«Ամեն երազանքս է փլուզվել, բայց էլի հույս ունեմ, որ այս մերն է, ուրիշ մարդ չպետք է սարքի մեր երկիրը, ուրիշ մարդ չպետք է սարքի, սպասում ենք, տեսնենք՝ ինչ է լինելու»,- լիահույս էր սեփականատերը։
Այս տարվա մարտ ամսին մեր լրատվամիջոցի հետ զրույցում սփյուռքահայ գործարարը նշել էր, որ գործարանը չի աշխատում, քանի որ սեզոնը չէ, և հետո՝ պատվեր չունեն: Այսօր արդեն գործարանի հեռախոսահամարներն անջատված են, Սերժիկ Մովսեսյանի հեռախոսահամարը՝ նույնպես։
Իսկ համացանցային տեղեկատուի տվյալների բազայում Ալիշան ընկերության էջում նշված է.«Ըստ մեր տվյալների` կազմակերպությունը չի գործում կամ ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը»:
Աղբյուրը՝ 1in.am