Տնտեսություն 

Վրաստանում բենզինը 120 դրամով ավելի էժան է. տարբերությունը պայմանավորված է հանգամանքներով. Շաբոյան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը համակարծիք չէ այն դիտարկումների հետ, որ հարևան Վրաստանում բենզինը 120 դրամով ավելի էժան է: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, թե կան գնային տարբերություններ, և դրանք պայմանավորված են 3 հանգամանքով:

«Իհարկե կան գնային որոշակի տարբերություններ: Առաջին՝ դա պայմանավորված է վրացական երկաթուղու կողմից գանձվող բարձր բեռնափոխադրման սակագներով, որը գանձվում է բենզինը Վրաստանի տարածքով տեղափոխելու համար: Երկրորդը՝ ՀՀ-ի և Վրաստանի հարկային քաղաքականությունների տարբերություն է. մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 1 լիտր բենզին ՀՀ ներմուծելու համար ավելի շատ ավելացված արժեքի հարկ ու ակցիզային հարկ է գանձվում: Երրորդ՝ Վրաստանում բենզինի ձեռք բերման գների որոշակի նվազում կա, որը պայմանավորված է, որ այնտեղ վերջեր համեմատաբար ավելի մատչելի գներով են ներկրում Ադրբեջանից և Թուրքմենստանից»,- ներկայացրեց նա:

Հարցին, թե ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությունը մաքսատուրքերի հետ կապված դրական փոփոխության չի՞ բերել, Շաբոյան արձագանքեց, որ ԵՏՄ անդամակցության արդյունքում մի շարք ապրանքների մասով գների նվազում է եղել և հավելեց, թե ԵՏՄ անդամակցությունն ազդել է նաև բենզինի գների վրա:

«Բնականաբար իր ազդեցությունը թողել է, և ազդեցության արդյունքում մենք ունեն ներկայումս ձևավորված գնագոյացումը: Գները տնտեսվարողների համար կարևոր նշանակություն ունեն, բայց տնտեսվարողների բիզնես որոշումների համար այլ կարևոր գործոններ էլ նշանակություն ունեն: Հիմա ես չեմ կարող մեկնաբանել տնտեսվարողների բիզնես որոշումները, բայց կարող եմ ասել, որ գներից բացի այլ գործոններ կան: Գործոններից մեկը մատակարարման պայմաններն են, օրինակ՝ ռուսական բենզին մատակարարող ընկերություններից մեկը բենզինի մատակարարման անխափանությունը ապահովելու համար Վրաստանում գտնվող իրենց պահեստարաններում մի քանի ամսվա բենզին պաշար են պահում: Մեր հանձնաժողովի խնդիրն այն է, որ մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս ոլորտում մուտքի խոչընդոտներ չկան և ցանկացած տնտեսվարող, որ կցանկանա այս գործունեությամբ զբաղվել ու ավելի շահավետ պայմաններով ապրանք ներմուծել, ապա կարող է իրականացնել»,- ընդգծեց Շաբոյանը:

ՏՄՊՊՀ- նախագահը չհամաձայնեց այն պնդումների հետ, որ «Ռոսնեվթը» բավականին բարձր գներով է բենզին ներկրում: Նա շեշտեց, որ իրական պատկերը ճիշտ հակառակն է, և այն է, որ ՀՀ բենզին է ներկրվում երեք տարբեր ընկերությունից, որոնցից ամենամատչելին հենց «Ռոս Նեվթ»-ն է:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամբողջությամբ ադեկվատ են վաճառքի փոփոխությունները, այսինքն՝ որքան նվազել են մեր երկրում վաճառքի գները, նույն չափով նվազել են նաև ձեռք բերման գները: ՀՀ-ն բենզին է ներկրում «Ռոսնեվթ , «Լուկոյլ», «Նորթոլմ» ընկերություններից,  և երբ նայում են գներին, հասկանում են, որ ամենամատչելին ձեռք ենք բերում»,-ասաց նա:

Նույն շարքից