Միջազգային 

Տուսկ. Մեծ Բրիտանիայի վարչապետի` ԵՄ պայմանագրերը վերանայելու ցանկությունը «անիրագործելի առաքելություն է»

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի` միության հիմնարար փաստաթղթերը վերանայելու ցանկությունը «անիրագործելի առաքելություն է», հաղորդում է ՌԻԱ Նովոստին։



Մեծ Բրիտանիայի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ 2017թ.–ին մտադիր է ԵՄ–ի անդամակցությունը պահպանելու հարցի շուրջ հանրաքվե կազմակերպել։ Մեծ Բրիտանիայի` ԵՄ–ից դուրս գալու հարցը լայնորեն քննարկվում է ընտրարշավի ընթացքում 2015թ.–ի մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ, որի շրջանակում պահպանողականները, ցանկանալով պահպանել իրենց դիրքը, քննադատում են ԵՄ–ն։



«Պատրաստ եմ օգնել Քեմերոնին։ Չեմ կասկածում, որ մենք պետք է օգնենք սահմանափակումների և ռացիոնալ շրջանակային ծրագրի ստեղծման գործում։ Պետք է օգնենք Դևիդ Քեմերոնին, քանի որ նա ակնհայտորեն եվրոպամետ քաղաքական գործիչ է։ Թերահավատորեն եմ տրամադրված ԵՄ–ի պայմանագրերի փոփոխության հարցում», – հայտարարել է Տուսկը Guardian բրիտանական թերթի հետ ունեցած հարցազրույցում։



«Ինձ թվում է, որ պայմանագրի հնարավոր փոփոխություններն այսօր մոտ են անիրագործելի առաքելությանը, քանի որ դա վերաբերում է ոչ միայն ռացիոնալությանը, այլ նաև` ծանրակշիռ ապացույցներին... Փոփոխությունների վավերացման գործընթացում մեզ անհրաժեշտ է միասնություն ԵՄ–ի 28 անդամ երկրների շրջանում, Եվրախորհրդարանում, 28 ազգային խորհրդարաններում։ Ասել, որ սա Պանդորայի արկղ է, նշանակում է չասել ոչինչ», – ավելացրել է նա։

 

 

Նույն շարքից