Տնտեսություն 

Տուրիստական բրենդ. Միայն ծիրանով և նուռով պետք չէ ներկայանալ աշխարհին

Այս տարվա հունվար-մարտ ամիսներին  Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը (մոտ 154 հազ.) նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 20.5%-ով աճել է, իսկ  զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնածների թիվը (մոտ 162 հազ.)  18.2%-ով է աճել: Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

 

Արդեն քանի տարի է` Հայաստանը տուրիզմը հռչակել է որպես տնտեսության գերակա ուղղություն:  Եվ որքան կարևոր է այն, թե ինչպես ենք մենք ընդունում զբոսաշրջիկներին, այնքան էլ կարևոր է, թե ինչ իմիջով ենք ներկայանում աշխարհին: Ի՞նչ է նշանակում հայկական բրենդ և արդյոք մենք ճիշտ ենք ներկայանում աշխարհին:

 

«Բրենդ հասկացությունը ձևավորվում է ընդհանուր քաղաքականության շրջանակներում, որը չի կարող առանձին գովազդ լինել տուրիզմի, առանձին ներդրողների համար, արդյունաբերողների և այլ ոլորտների համար: Բրենդը չի կարող լինել միայն տուրիզմինը, այն պետք է երկրի բրենդը լինի, որի մեջ տուրիզմը պետք է ունենա իր մասը: Այն առաջին հերթին պետք է լավ ճանաչվող լինի, երկրորդ հերթին՝ արդեն լավ ճանաչված: Պետք է մենք կարողանանք արդեն իսկ եղածն օգտագործել, ոչ թե նորը ստեղծել»,- Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ավարայր» տուրիստական ընկերության տնօրեն, տնտեսագետ Արկադի Սահակյանը:

 

Ըստ նրա՝ այսօր մենք կառչել ենք փոքրիկ հասկացություններից՝ ծիրան, նուռ, խորոված, դոլմա և այլն: Կամ, օրինակ, Գորիսում ոչխար խուզելու մրցույթ է կազմակերպվում: Ա. Սահակյանի խոսքով՝ այդ ամենը, լավագույն դեպքում, կարող են դառնալ հայկական բրենդին օժանադակող փոքրիկ կետեր:

 

«Ժամանակին Հայկական Հանրապետության պետական զինանշանի վրա պատկերված էր Մասիս սարը: Հայերն ի ծնե և աշխարհի շատ երկրներ ճանաչում են Արարատը որպես հայկական: Երբ ասում ենք Արարատ, բոլորը միանգամից պատկերացնում են Արարատյան աշխարհ, Արարատյան թագավորություն, ուղղություն, որը միշտ կապվում է հայերի անվան ու պատմության հետ: Ոչ ոք Արարատը Թուրքիայի անվան հետ չի կապում: Սա է մեր ամենակարևոր բրենդը: Բայց մենք այն չենք օգագործում: Մինչդեռ այն արդեն իսկ ճանաչված է և ճանաչվող, քանի որ 70 տարի եղել է Հայակական Հանրապետության զինանշանը, միշտ քննարկումների կենտրոնում է եղել և ունի դաստիարակչական ֆունկցիա՝ դա մերն է և մեզ մոտ պահանջատիրական գաղափարներն է ամրապնդում: Այսօրվա Հայաստանի Հանրապետությունն ամբողջ աշխարհում ճանաչված է Արարատով», - նշեց Ա. Սահակյանը:

 

Արարատի երկրորդ առավելությունն, ըստ նրա, գրավչությունն է, երրորդը՝ այն խոսում է իր ուրույն աշխարհագրական տեղի մասին: Օրինակ՝ երբ ասում ես ծիրան, որքան էլ, որ այն հայկական միրգ է, միևնույն է աշխարհը որպես ծիրան արտահանող երկիր ճանաչում է Թուրքիան: Ստացվում է, որ մենք օժանդակում ենք Թուրքիայի գովազդը: «Եվ հետո ծիրանն իր արտաքին կառուցվածքով նման է մրգերի 30-40 տոկոսին: Եթե վրան չգրվի ծիրան, օտարերկրացին, գուցե, այն չտարբերի մեծ սալորից կամ խնձորի որևէ տեսակից: Այն չի խոսում կոնկրետ մեր մասին: Այլ հարց է, որ հայկական արևի տակ ծիրանն ավելի համեղ է: Երբ որ ասում ենք նուռ, առաջին հերթին պետք է փորձենք բացատրել մարդկանց, թե ինչ է նուռը, քանի որ այն այդքան էլ տարածված միրգ չէ և քիչ ճանաչված է»,- ասաց  տնտեսագետը:

 

Նա վստահ է, որ չի կարող մեկն արթնանալ ու ասել՝ եկեք Արարատը դարձնենք հայկական բրենդ: Դա չի կարող լինել: Դա ընդհանուր գաղափարախոսության մեջ պետք է լինի: Ամեն ինչ հարկավոր է սկսել երկրի քաղաքացիներից: Այսինքն՝ այն պետք է նախ երկրի ներսում ընդհանուր գաղափար դառնա, հետո նոր ծառայի երկրի տուրիզմին:

 

«Ինքս լինելով դասախոս՝ Հայաստանում հանդիպում եմ ուսանողների, որոնք Արարատն ու Արագածն իրարից չեն տարբերում, կամ զարմանում են՝ լսելով, որ Մասիսն ու Արարատը նույնն են: Այստեղ ի՞նչ բրենդի մասին է խոսքը, երբ երկրիդ բնակչությունը չի ճանաչում իր կարևոր արժեքները: Երբեմն լսում ենք, որ այս կամ այն բանը պետք է մատչելի լինի տուրիստի համար: Ինչու՞ .. տուրիստը վերին արտի ցորե՞նն է: Հայաստանցու համար դա չպետք է մատչելի լինի, անպայման պետք է տուրիստի համա՞ր մատչելի լինի: Ասում են՝ եկեք վերանորոգենք Գառնու տաճարը, քանի որ մենք այնտեղ շատ զբոսաշրջիկներ ենք տանում: Այսինքն՝ մի կողմ, որ մենք այդ տարածքում 7-8 գյուղ ունենք, երկիր այցելող 200-300 տուրիստի համար մենք պետք է ճանապարհ վերանորոգե՞նք: Դա չափանիշ չէ: Դա չի բարձրացնում քո երկրի իմջը: Այսինքն՝ բրենդ հասկացությունն ունի և տնտեսագիտական, և պատմական, և մշակութային, և դաստիարակչական հիմնավորումներ: Այս ամենը պետք է հաշվի առնել: Ուղղակի դրոշ բարձրացնելը հարցի լուծում չէ, կողքը պետք է կանգնած լինեն այլ դրոշակակիրներ ևս՝ փոքրիկ դրոշակներով, ովքեր կստեղծեն ընդհանուր կոմպոզիցիա: Ու դա կկոչվի հայկական բրենդ: Սա է եղանակը»,- համոզված է Ա. Սահակյանը:

 

 

Ըստ նրա,  Արարատը հայկական ուրույն բրենդ դարձնելով՝ մեր ազգը սեփականատիրոջ հայացքով կնայի դրան: Եվ, ի վերջո, Արարատը մարդկության ստեղծման պատմությունն է: Օրինակ՝ ճապոնացիները իրենց սարը` Ֆուձին, համարում են Արարատի փոքր զավակը: Այդ է պատճառը, որ նրանք Հայաստան են գալիս Արարատը տեսնելու պարտադիր պայմանով:

 

Սեդա Հերգնյան

 

 

Նույն շարքից